Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի....

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հունգարիայում դեսպանություն բացելու որոշմանը:

Որոշման նախագիծը կառավարության չզեկուցվող հարցերի շարքում էր:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները:

Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկու երկրների միջև ընթանում է ակտիվ քաղաքական երկխոսություն, առկա է  բազմաոլորտ  երկկողմ օրակարգ, ինչն ընդգծվել է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով և բազմակողմ հարթակներում հանդիպումներով՝ նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով:

Նշվում է, որ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ 

Հայ-հունգարական համագործակցության շրջանակը ներառում է քաղաքական, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման և կրթական ծրագրեր: 

Հայաստանն ընդգծում է Հունգարիայի հետ հարաբերությունների կարևորությունը և շարունակելու է աշխատանքներ իրականացնել Հունգարիայի կառավարության հետ՝ զարգացնելու փոխշահավետ երկկողմ համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը երկու երկրների միջև:

Հայ-հունգարական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում: 

Երկկողմ հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի նաև Հունգարիայի հայ համայնքը:

2024թ. մայիսի 6-ին նախարար Սիյարտոյի հրավերով կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխան այցը Հունգարիա, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մայրաքաղաքներում փոխադարձաբար դեսպանությունների բացման վերաբերյալ:  

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում Հունգարիայում ՀՀ դեսպանության բացումը, ինչը թույլ կտա ավելի ընդլայնել համագործակցությունը՝ նոր լիցք հաղորդելով տարբեր ոլորտում համագործակցությանը։