Ոմանց համար դժվար է պատկերացնել, թե ինչու հնարավոր չէ Հայաստանը դուրս բերել այս ծանր իրավիճակից։ Իրականում պատասխանը շատ պարզ է։ Անգամ եթե չլիներ պատերազմում պարտությունը, միևնույն է, այս կառավարմամբ Հայաստանը վաղ թե ուշ հայտնվելու էր ծանր վիճակում։
1935 թվականի մայիսի 4-ին Կրեմլում՝ Կարմիր բանակի ռազմական ակադեմիաների շրջանավարտների ընդունելության ժամանակ, Իոսիֆ Ստալինն ասել էր՝ «Кадры решают всё» («Կադրերն են որոշում ամեն ինչ»)։
Սա թերևս մեր այսօրվա վիճակի ամենաճշգրիտ բացատրությունն է։
Պետության հաջողությունը կամ ձախողումը մեծապես կախված է այն մարդկանցից, որոնք կառավարում են պետությունը, որոշումներ կայացնում և պատասխանատվություն կրում երկրի ճակատագրի համար։ Հետևաբար, հասկանալու համար, թե ինչու է Հայաստանը հայտնվել այս վիճակում, նախ պետք է հասկանալ, թե ովքեր են այսօր որոշում մեր պետության ճակատագիրը, ովքեր են Հայաստանի անունից բանակցում, ովքեր են պատասխանատու մեր անվտանգության համար։
Արտաքին քաղաքական հարցերի շուրջ հաճախ իր դատողություններն է ներկայացնում, ՔՊ ղեկավար կազմի անդամ, էժանագին «Կիսաբաց լուսամուտներ» շոուի նախկին աշխատակից Հասմիկ Հակոբյանը, որին «Կիսաբացի Հասո» են ասում։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Վիլեն Գաբրիելյանն է՝ «Նավակ ճոճողը», ով անվտանգության հետ կապ ունի այնքանով, որ ժամանակին քաղաքացիական կյանքի ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար պայմանագրային զինծառայող է եղել։
Անվտանգության խորհրդի քարտուղարը Ալեն Սիմոնյանն է, ով հայտնի է էժանագին մի ֆիլմում իր խաղացած դերով, երգչուհի Արմինկայի տեսահոլովակում ակվարիումի ձկան դեր տանելով և իր քաղաքական պիկին 2015 թվականին՝ 100 դրամի շարժմանը մասնակցելով հասնելով։
ԱԺ փոխխոսնակներից մեկը մինչև իշխանափոխությունը ԲՀԿ-ում վարդ բաժանող էր աշխատում, մյուսը գործազուրկ էր և անհուսորեն աշխատանք էր փնտրում։
Նախարարներից մեկը մինչև 2018 թվականը տաքսու վարորդ էր, երկու ներկա պատգամավոր, որոնք նախկինում մարզպետներ էին, Ռուսաստանում ասֆալտ փռող ընկերությունում բանվորներ էին։ Նախարարներից Պապոյանը մինչև 2018 թվականը ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար ֆեյք ՀՀԿ-ական էր «աշխատում», իսկ ՀԷՑ կառավարողը՝ առաքիչ։
Եվ այս ամենի թագն ու պսակը Նիկոլ Փաշինյանն է, որն իր ամբողջ կյանքում, ինչպես քրեական ենթամշակույթ կրողները կասեին, «մուտիտ» անելով փող է աշխատել ու հիմա էլ շարունակում է «մուտիտ» անելով իշխանություն պահել։
Հիմա հարց է առաջանում՝ նման քաղաքական թիմը կարո՞ղ էր Հայաստանը հաջողությամբ կառավարել, ապահովել երկրի անվտանգությունը, պաշտպանել մեր շահերն ու պետությունը դուրս բերել ծանր իրավիճակներից։
Ահա այստեղ է մեր բոլոր հարցերի պատասխանը։
Մեզ կործանվելու համար անգամ պատերազմն էր ավելորդ։ Նման որակ ունեցող քաղաքական թիմին եթե անգամ ամենազարգացած երկիրը տաս, միևնույն է, այն հասնելու է կործանման։
Հետևաբար, մեր ծանր վիճակի պատճառը միայն պատերազմում պարտությունը չէ։ Խնդիրը նախևառաջ այն մարդկանց որակն է, որոնք հայտնվել են պետության ղեկին։ Պատերազմում պարտությունը միայն ավելի ակնհայտ դարձրեց կառավարման այս համակարգի հետևանքները։
Այնպես որ, ճիշտ էր ասում Ստալինը՝ «Кадры решают всё»։



