Նախագահին կրկին ժողովուրդը կընտրի․ Դանիել Իոա...

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոանիսյանը «ԱրմՆյուզի»-ի «Օրախնդիր» հաղորդման ժամանակ բավական հետաքրքիր հայտարարություններ է արել, կապված Հայաստանում սպասվող սահմանադրական փոփոխությունների հետ։ Ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների թեման հայկական մեդիայում բավական քննարկվող թեմա է եւ ժամանակ առ ժամանակ ունենում է նաեւ սուր դրսեւորումներ։

Ինքնին հասկանալի է, որ մասնագիտական կամ հասարական-քաղաքական միջավայրում քննարկումների ժամանակ սրացումներից խուսափելը հնարավոր չէ։ Հետաքրքրականը պարոն Իոանիսյանի պարզաբանումները հատկապես ապագա սահմանադրական փոփոխություններում պետական կառավարման դրույթների հետ կապված։ Ըստ ամենայնի Հայաստանը բավական յուրօրինակ կառավարման մոդել է որոշելու որդեգրել․ մնալով հանդերձ պառլամենտական հանրապետություն, բավական ուժեղացվելու է նախագահի ինստիտուտը եւ էլ ավելի ընդլայնվելու է պառլամենտի ինստիտուտը։ Հանգունորեն սահմանափակվելու է վարչապետի լիազորությունները։

Նախագահը ընտրվելու է ըստ նախատեսվող փոփոխությունների, ոչ թե պառլամենտի կողմից, այլ ուղղակի ժողովրդի եւ այդպիսով նրա կախվածությունը իշխող քաղաքական մեծամասնությունից զրոյացվելու է, ինչը նաեւ նշանակում է, որ ավելանալու է նաեւ նրա վերահսկողական դերակատարությունը, թեկուզեւ պառլամենտական կառավարման մոդելի պայմաններում։ Մյուս հետաքրքիր դրվագը կապված է պառլամենտի դերի էլ ավելի մեծացման հետ, ներառյալ նաեւ՝ դեսպանների նշանակման հարցում՝ պառլամենտի հավանությունը։ Սա միանգամից հիշեցնում է արդեն ամերիկյան մոդելը, թեեւ դժվար է ասել, թե կոնկրետ այդ մոդելը հիմք ծառայել է մեր դեպքում թե ոչ։

Ընթերցողները կհիշեն, թե ինչպես ժամանակ առ ժամանակ, դեսպան նշանակելիս ոնց է թեկնածուն Միացյալ Նահանգներում առաջադրվում նախագահի կողմից եւ ապա անցնում երկպալատ Կոնգրեսով, որպեսզի հավանության արժանանա։ Այդ ընթացքում նա մասնակցում է առանձին ոլորտային կոմիտեների եւ ենթակոմիտեների լսումներին եւ հարցաքննություններին։

Դժվար է ասել, թե Հայաստանում այդ մեխանիզմը կներդրվի թե ոչ, կամ որքանով կգործի, հաշվի առնելով, որ Հայաստանը երիտասարդ պետություն է եւ չունի ոչ պետական կառավարման այն բազան, ոչ էլ փորձառությունը, ինչ ասենք Միացյալ Նահանգները, սակայն ենթադրելի է, որ մասնագիտական առումով որակյալ ԱԺ-ի առկայություն է պետք, որպեսզի օրինակ դեսպանի թեկնածուի հավանություն տալու պրոցեսը լինի իրական պրոցես եւ ոչ բուտաֆորիա կամ բեմականացում։