Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդումը խթանելու, երկրի ավագ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու նպատակով սեպտեմբերի 17-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև փաստաթղթեր ստորագրվեցին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթղթերը ստորագրեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այն ծրագիրը, որ նախաձեռնում են մեկնարկել, ամբողջությամբ համահունչ է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ «Հանրակրթության նոր չափորոշիչով մենք խնդիր ենք դրել բարելավելու օտար լեզուների իմացությունը մեր դպրոցներում։ Հատկապես ուրախ եմ, որ դպրոցներում ֆրանսերենի զարգացման ուղղությամբ դեսպանատան հետ հետևողական ջանքեր ենք գործադրում։ Այս ծրագրի շրջանակում հնարավորություն ենք ունենալու դպրոցներում ներդնելու ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր, օգտագործելու նոր դասագրքեր և նյութեր, ինչպես նաև մեծ աշխատանք տանելու ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ձևավորելով վերապատրաստող ուսուցիչների խումբ»,-ասաց նա։
Օլիվիե Դըկոտինյին էլ շեշտեց՝ իրենց նպատակն է դեսպանության ծառայություններն առաջարկել բոլոր այն դպրոցներին, ուսուցիչներին, որոնք ընտրում են ֆրանսերենը սովորելու ուղին։ «Մենք ցանկանում ենք ոչ միայն Երևանում, այլև մարզերում տարածել ֆրանսերենը, իսկ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը տարբեր կարգավիճակներում անդամակցելը շատ ռազմավարական և լավ մտածված քայլ էր»,-ասաց դեսպանը։



