Կորեական թերակղզու ափերին ծովի մակարդակը վերջին 33 տարվա ընթացքում գրեթե 10 սանտիմետրով բարձրացել է կլիմայի փոփոխության հետևանքով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը:
Ըստ Կորեայի Հիդրոգրաֆիայի և օվկիանոսագրության ազգային գործակալության՝ Հարավային Կորեայի ափերին ծովի մակարդակը 1989-2021 թթ. ընթացքում բարձրացել է 9.9 սանտիմետրով՝ տարեկան միջինը 3.01 միլիմետրով: Ծովի մակարդակի բարձրացման ամենաարագ տեմպերը գրանցվել են Ճապոնական ծովում՝ տարեկան միջինը 3,5 միլիմետր: Դեղին ծովի մակարդակը բարձրացել է տարեկան 3.08 միլիմետրով: Այդ գործընթացն ամենից դանդաղ է ընթացել երկրի հարավային ափին, որը ողողում Է Արևելաչինական ծովը. այնտեղ ծովի մակարդակի բարձրացման տեմպերը կազմել են տարեկան 2,5 միլիմետր:
Վերլուծությունը հիմնված է 21 դիտակայաններից ստացված տվյալների վրա: Ընդ որում, երկրի հարավ-արևմտյան Մոկպո քաղաքում տեղակայված ամենահին կայանի տվյալներով՝ 62 տարվա ընթացքում արձանագրվել է ծովի մակարդակի բարձրացում 15,4 սանտիմետրով, ինչը համապատասխանում է տարեկան 2,49 միլիմետր աճի տեմպին: