Հարավարեւելյան Ասիայի երկրները կոչ են արել զսպվածություն ցուցաբերել Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի կատարած սկանդալային այցից հետո, փոխանցում է AFP-ն։
ՀԳՀԾ-ի ներկայացուցիչ, Կամբոջայի փոխարտգործնախարար Կունգ Ֆոակը ասել է, որ դռնփակ բանակցություններին նախարարները մտահոգություն են հայտնել «Թայվանի նեղուցում աճող լարվածության կապակցությամբ»:
«Մենք հուսով ենք, որ բոլոր կողմերն ամեն ինչ կանեն՝ լարվածությունը թուլացնելու եւ խուսափելու գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը, եւ կզբաղվեն երկխոսությամբ»,- լրագրողներին ասել է Կունգ Ֆոակը:
Մալայզիան եւ Թաիլանդը արձագանքել են հանգստության կոչերին, իսկ Մալայզիայի արտաքին գործերի նախարար Սեյֆուդին Աբդուլահը կոչ է արել բոլոր կողմերին «շատ զգույշ» գործել:
Թաիլանդի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Թանի Սանգրատը հայտարարել է, որ թագավորությունը կոչ է անում «ծայրահեղ զսպվածություն» ցուցաբերել եւ չձեռնարկել որեւէ «գործողություն, որը կարող է սրել լարվածությունը»:
Այժմ ուշադրությունը կենտրոնացած կլինի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի եւ նրա ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի վրա, ովքեր կմիանան ՀԳՀԾ-ի եւ մյուս նախարարների հետ տարածաշրջանային անվտանգության բանակցություններին հինգշաբթի եւ ուրբաթ օրը:
Ավելի վաղ Վան Ին Փելոսիի այցը Չինաստանի ինքնիշխանության խախտում էր անվանել «Նրանց մոտ, ովքեր խաղում են կրակի հետ, լավ ավարտ չեն ունենա, իսկ նրանք, ովքեր վիրավորում են Չինաստանին, կպատժվեն»,- նախազգուշացրել է նա։



