Ռուսաստանից ԱՄՆ դիզելային վառելիքի առաջին խմբաքանակի առաքումը պլանավորված է հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 22-ին, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Պլանավորվում է, որ առաջին լցանավը նավահանգստից դուրս կգա վաղը՝ ամսի 22-ին, դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս լցանավն ունենալու է 40 000 տոննա ջրատարողություն։ Դրան, անկասկած, կհետևեն հաջորդ խմբաքանակները», - հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ համապատասխան պայմանագրի ստորագրումն «ավարտական փուլում է»։
Նովակը հստակեցրել է, որ դիզելային վառելիքի մատակարարման ուղղությունները կախված կլինեն այն բանից, թե «ԱՄՆ-ում առկա պահանջարկը բավարարելու համար, անհրաժեշտ ծավալներից բացի, որքան լրացուցիչ վառելիք մենք կկարողանանք մատակարարել»։
«Կարծում եմ՝ դիզելային վառելիք կստանան, այդ թվում, նաև այլ երկրներ։ Մենք չենք վերականգնում արտահանման ամբողջ ծավալը, այլ մեր նավթավերամշակման գործարանների հնարավորությունների սահմաններում, ուստի, ըստ գրաֆիկի, մենք կարող ենք արտահանման ամբողջական ծավալին հասնել միայն տարեվերջին, և այդ ժամանակ այլ երկրներ նույնպես կարող են ստանալ այն ծավալը, որն ստանում էին ավելի վաղ», - պարզաբանել է փոխվարչապետը։
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո Վաշինգտոնը մեղմացրել է ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների նկատմամբ պատժամիջոցները։ Հայտարարվել է, որ Մոսկվան մի քանի փուլով մոտ 1,8 միլիոն տոննա դիզելային վառելիք կարտահանի։



