Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արտգործնախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիին նշանակել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով կառավարության ղեկավարի հատուկ ներկայացուցիչ։ Այս մասին Կոբախիձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։
«Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ է նշանակվում պարոն Գիորգի Զուրաբաշվիլին։ Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության խաղաղ կարգավորումը, առկա առևտրատնտեսական կապերի պահպանումն ու զարգացումը և հումանիտար հարցերով մշտական երկխոսության ապահովումը մեր երկրի կարևորագույն առաջնահերթություններից են»,— ճեպազրույցում նշել է Կոբախիձեն։
Վարչապետը նաև ընդգծել է, որ Վրաստանի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Ռուսաստանի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցչի աշխատանքը բանակցությունների ժնևյան ձևաչափին հավասար կարևոր նշանակություն ունի։ Կոբախիձեն հայտնել է նաև, որ Զուրաբաշվիլին կշարունակի զբաղեցնել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
Ռուսաստանի հետ կապերի գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնը թափուր էր 2025 թվականի դեկտեմբերից։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Գիորգի Քաջայան։



