Մակրոնը քննադատել է Ֆրանսիայի հասցեին հնչող օ...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է այն օտարերկրյա քաղաքական գործիչներին ու պետությունների ղեկավարներին, որոնք բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառով ստեղծված իրավիճակի ֆոնին քննադատել են Փարիզին։

«Իմ կարծիքով՝ տեղի ունեցած իրադարձություններում օտարերկրյա միջամտություն չի նկատվում։ Փոխարենը՝ արտերկրից տեղեկատվական մանիպուլյացիաների փորձ է եղել, ինչն էլ անկասկած հանգեցրել է անընդունելի և միաժամանակ հիմար մեկնաբանությունների շատերի, այդ թվում՝ օտարերկրյա առաջնորդների կողմից»,— Կատար այցի ժամանակ լրագրողներին ասել է նա։ Նրա հայտարարությունը հեռարձակել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

Պետության ղեկավարն իրականությանը չհամապատասխանող է որակել այն պնդումները, թե Ֆրանսիան «գրավել են միգրանտների և իսլամիստների հորդաները»։ Նա նաև մատնանշել է համացանցում բողոքի ակցիաների թեմայով արհեստական բանականության (ԱԲ) օգնությամբ ստեղծված մեծաքանակ պատկերների հայտնվելը։ Մակրոնը վրդովմունք է հայտնել, որ օտարերկրյա քաղաքական գործիչներն իբր կեղծ տվյալներ են օգտագործում՝ իրենց քաղաքական արշավը «Ֆրանսիայի հաշվին» առաջ մղելու համար։

«Բոլոր նրանք, ովքեր հիմա վատ են արտահայտվում մեր երկրի մասին, դրանք այն մարդիկ են, որոնք չեն սիրում մեր երկիրը. այդ մարդիկ ինձ նյարդայնացնում են,— ընդգծել է նա։— Ես տեսնում եմ քաղաքական գործիչների, որոնք նախընտրական քարոզարշավ են իրականացնում տարածաշրջանում կամ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ, և որոնք երբեմն իրենց դյուրահավատության պատճառով կրկնում են այն, ինչ գեներացնում է արհեստական բանականությունը, կամ տարածում են այն, ինչ որոշակի շրջանակներ ակնհայտորեն ցանկանում են մատուցել՝ ստիպելով հավատալ Ֆրանսիայում իբր տեղի ունեցածին։ Մեզ դա պետք չէ, մենք առանց այդ էլ բավականաչափ խնդիրներ ունենք, ուստի պետք չէ ամեն տեսակ հիմարություններ դուրս տալ»։

Նախորդ հանգստյան օրերին Ֆրանսիայում զանգվածային ցույցեր էին անցկացվել ընդդեմ վառելիքի գների թանկացման և բնակչության գնողունակության անկման։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ակցիաներին մասնակցել է 800 հազար մարդ, թեև ՆԳՆ-ն հաշվարկել էր 550 հազար։ Մի շարք քաղաքներում ելույթները վերածվել էին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ինչպես հայտնել էր արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը, հոկտեմբերի 17-ին թալանվել էր մոտ 3 հազար խանութ, և բերման էր ենթարկվել ավելի քան 2,5 հազար մարդ։