
«Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնվելուց հետո «սննդային թունավորում» ախտորոշմամբ 12 քաղաքացի հայտնվել է հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունը:
«Սեպտեմբերի 08-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնկապուր ուտելուց հետո: Ավելի ուշ պարզվել է, որ բժշկական օգնության է դիմել ևս 10 քաղաքացի, որոնք նույն՝ «Արմավիր Գարդեն», հանրային սննդի օբյեկտում կերել են հավի թևիկներ, հավով աղցան և հավով պիցցա»,- նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ ձեռնարկվել են ահապաղ միջոցառումներ օբյեկտում առկա սննդամթերքից նմուշառում կատարելու և լաբորատոր փորձաքննության ներկայացնելու նպատակով։