Հանրապետության նախագահի՝ սահմանադրության պահա...

«Մենք հույս ունեինք, որ հանրապետության նախագահը կարող էր իսկապես հանդես գալ՝ զուտ իր սահմանադրական կարգավիճակից ելնելով։ Սա անձի խնդիր չէ, սահմանադրության մեջ բառացի գրված է, որ հանրապետության նախագահը հետևում է սահմանադրության պահպանմանը», - ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը ստորագրելու փաստին։ «Հայաստան» խմբակցությունը, հիշեցնենք, ՍԴ-ում վիճարկում է այդ օրենսդրական փաթեթը։

Ընդդիմադիր պատգամավորը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ դեռևս 3 ամիս առաջ ՍԴ-ն հստակ սահմանել է այն չափորոշիչները, որոնցով պետք է տեղի ունենա խոշորացման գործընթացը․ անցկացնել լսումներ, տեղական հանրաքվեներ, ինչը իշխանությունները շրջանցել են ։

«ՍԴ-ի որոշումը ընդունվել է, ուրեմն դրանից հետո պարտադիր է բոլորի համար։ Բայց Արմեն Սարգսյանը այս հարցում էլ որոշեց ձեռնպահ լինել։ Ի դեպ, դրան էլ նախորդեցին իշխանական ներկայացուցիչների հետ հանդիպումները, և դրանով ավարտվեց հանրապետության նախագահի՝ որպես սահմանադրության պահապան հանդես գալու առաքելությունը։ Սա է իրավիճակը», - ասաց Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ ընդդիմությունը կարճ ժամկետում օգտագործեց միակ գործիքը, որը կար այդ պահին՝ դիմեց ՍԴ՝ վիճարկելով համայնքների խոշորացման օրենքը, սակայն երկրում առկա համակարգային խնդիրները լուծելուն միտված այլ գործիքակազմերից էլ զերծ չի մնալու։