Համաշխարհային առաջնորդները միջազգային առանցքային թեմաները, այդ թվում՝ ուկրաինական հակամարտությունը, քննարկում են WhatsApp մեսենջերում։ Այս մասին ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«WhatsApp-ում համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ շատ խմբեր կան։ Մենք ստիպված էինք ստեղծել տարբեր խմբեր, հատկապես այնպիսի թեմաների քննարկման համար, ինչպիսին Ուկրաինան է, որպեսզի կապ պահպանենք միմյանց հետ»,- ասել է Սթարմերը։
Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ ինքը WhatsApp-ի սիրահար չէ՝ նախապատվությունը տալով այլ առաջնորդների հետ առանձնազրույցներին կամ հեռախոսազրույցներին, որպեսզի լուրջ հարաբերություններ կառուցի։
Պատասխանելով այն հարցին, թե համաշխարհային քաղաքական գործիչներից ով է ամենաշատը սիրում նամակագրվել WhatsApp-ով, Սթարմերը նշել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի անունը։



