Գլուխը պատին է տալիս Փաշինյանը, եթե էդ մուրճո...

Ես մի քանի ամիս առաջ էի ասել, որ Փաշինյանը վերցնելու է այդ ստորագրած թուղթը, որը բացի իրենից ոչ մեկին պետք չի, վերցնելու է մյուս ձեռքը մուրճը, որ ընկնի Հայաստանի մարզերով։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր սոցցանցի իր էջում մուրճի նկր է տեղադրել, որի վրա գրված էր «պողպատե մանդատ»։

Դիտարկմանը, որ գուցե դրանով սպառնում է ընդդիմությանը, նա արձագանքեց. «Գլուխը պատին է տալիս, որ սպառնում է ընդդիմությանը։ Երկրորդ, ախր մի քանի ամիս առաջ ասել էի, որ Փաշինյանը վերցնելու է այդ ստորագրած թուղթը, վերցնելու է իր մուրճը ու ընկնի գյուղերով, հերթով մեր քաղաքացիներին խաբելու։ Յոթ տարվա ընթացքում զարմանալիորեն, բայց ես սկսել եմ հասկանալ և կանխատեսել Փաշինյանի գործողությունները, պետք է թարգել այս ամեն ինը»։

Ինչ վերաբերում է նրան, որ Փաշինյանին այդ գործում օգնելու են նախկին նախագահները, քանի որ Փաշինյանը իրեն ներկայացնելու է որպես նախկինների այլընտրանք, Մամիջանյանն ասաց. «Ես ասեմ, թե ինչպես Հանրապետականը և Սերժ Սարգսյանը չակերտների մեջ կօգնեն Փաշինյանին. Անդադար ամբողջ գործադիրը և խորհուրդը և շարքային կուսակցականները դատարանների դռները լինելով, անհնազանդության ակցիաներին մասնակցելով, դրանց ընթացքում բերման ենթարկվելով և որոշ պարագաներում ձերբակալվելով, Հանրապետականի փոխնախագահը երկու տարի անազատության մեջ գտնվելով, մեր գործընկերներ Նարեկը Մալյան, Նարեկը Սամսոնյան, Վազգենը Սաղաթելյան անազատության մեջ գտնվելով, Մամիկոն Ասլանյանը շուրջ երեք տարի անազատության մեջ գտնվելով, անդադար պայքարելով մեր ուժերի ներածից մի քիչ շատով։ Այ այդպես չակերտների մեջ հաստատ կօգնենք»։

Հիշեցմանը, որ 2021–ին դա աշխատեց, քանի որ մարդիկ ասում էին՝ ավելի լավ է Նիկոլը լինի, քան նախկինները, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ուզում եմ հիշեցնել նախ, որ 21 թվականի ընտրություններին մինչև վերջին պահը Հանրապետականը դեմ էր և մեր գործընկերներին մենք խնդրում էինք, առաջարկում էինք, կոչ էինք անում, փողոցային պայքարը շարունակել և չտալ Փաշինյանին նոյեմբերի 9-ի փաստաթուղթը լեգիտիմացնելու հնարավորություն։ Երկրորդ, մեր իշխանության օրոք եղել են շատ-շատ-շատ սխալներ, շատ, դրանցից ոչ մեկը անդառնալի չի։ Ես շատ խնդրում եմ, որպեսզի մեր քաղաքացիները հիշեն, որ մեր գործընկերները, այդ տարիներին լուսաբանում էին Մաշտոցի Պուրակի ցույցեր, էլեկտրիկ Երևան, Վարդգես Գասպարիի այս կամ այն վայրում պլանկինգի հերթական գործողություն, լիքը պրոբլեմներ, կոռուպցիոն խնդիրներ, և այլն, բայց ոչ Եռաբլուր 5000 հոգու, ոչ հանձնված Արցախ, Հայաստանի Հանրապետությունը միջազգային գործոն էր և մեզ հետ հաշվի էին նստում։ Ես չեմ զարմանում, որ կան շատ քաղաքացիներ, որոնք ուզում են ետ բերել այդ ժամանակվա իրենց զգացողությունները, իսկ մեր այն քաղաքացիներին, որոնք չեն սիրում Փաշինյանին, գիտակցում են իր խաբեությունները, բայց չեն համակրում մեր քաղաքական ուժին, շատ-շատ եմ խնդրում կամ գտնել առկա քաղաքական ուժերից որևէ մեկին, կամ սեփական նախաձեռնությամբ արտահայտել սեփական բողոքը, որովհետև շատ վաղուց արդեն Հայաստանում ժողովուրդն է ընդդիմություն Փաշինյանին»,–ընդգծեց նա։