
ԱՄՆ դեսպանը երկուշաբթի Բեյրութում բանակցություններ է վարել լիբանանցի պաշտոնյաների հետ՝ քննարկելով «Հըզբոլլահ»-ի լիակատար զինաթափման առաջարկվող ծրագիրը։ Այցը տեղի է ունեցել Իսրայելի ավիահարվածների և Լիբանանի հարավային սահմանին ցամաքային ներխուժումների նոր ալիքի պայմաններում, հաղորդում է Reuters-ը։
Իսրայելի կողմից իրավիճակի սրացումն, ըստ լիբանանցի դիվանագետների, «Հըզբոլլահ»-ի վրա ճնշումը մեծացնելու փորձ է։ Շարժման առաջնորդ Նաիմ Քասեմը նախօրեին հայտարարել է, որ շարժումը կշարունակի զենք կուտակել՝ Լիբանանը իսրայելական սպառնալիքից պաշտպանելու համար։
«Հըզբոլլահը» ծանր կորուստներ է կրել Իսրայելի հետ տեղի ունեցած պատերազմի ժամանակ
Վերջին ամիսներին շարժումը բախվել է ներքին և արտաքին ճնշման՝ թե՛ Միացյալ Նահանգների կողմից, թե՛ Լիբանանի ներսում՝ զենքը հանձնելու պահանջով։ Խմբավորումը քննարկում է իր զինանոցը կրճատելու, բայց ոչ ամբողջությամբ զենքից հրաժարվելու հարցը, հայտնել են Reuters-ի աղբյուրները։
Հունիսի 19-ին հրապարակված իր վերջին առաջարկության մեջ ամերիկացի միջնորդ Թոմաս Բարաքը պնդում է, որ «Հըզբոլլահ»-ը չորս ամսվա ընթացքում լիակատար զինաթափվի՝ իսրայելական զորքերի դուրսբերման և հարավային Լիբանանի գրավյալ դիրքերից ավիահարվածների դադարեցման դիմաց։
Ի պատասխան՝ Լիբանանը ստեղծեց հատուկ կոմիտե՝ պաշտոնական դիրքորոշում պատրաստելու համար։ Ըստ աղբյուրների, «Հըզբոլլահ»-ն իր տեսակետները փոխանցել է խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիին, որը Բարաքի պատասխան այցի համար հանդիպակաց առաջարկ է պատրաստում։
Ըստ Reuters-ի աղբյուրների՝ «Հըզբոլլահ»-ը հստակեցրել է, որ պատրաստ չէ քննարկել սպառազինությունների հետագա կրճատումները, քանի դեռ իսրայելական զորքերը լիովին դուրս չեն եկել Լիբանանից և հստակ երաշխիքներ չեն տրվել, որ իր անդամների վրա հարձակումները կդադարեն։
Ավելի վաղ «Հըզբոլլահ»-ը երկրի հարավում տեղակայված մի քանի զենքի պահեստներ էր հանձնել լիբանանյան բանակին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի շրջանակում։ Սակայն շարժումը պնդում է, որ Իսրայելը դեռևս խախտում է համաձայնագրերը՝ պահպանելով վերահսկողությունը հարավային Լիբանանում տեղակայված առնվազն հինգ սահմանային կետերի նկատմամբ։