Գերմանիայում գործադուլը հանգեցրել Է երկաթուղո...

Գերմանիայում այսօր լուրջ խախտումներ են արձանագրվել տրանսպորտի աշխատանքում. արհմիությունների կոչով երկաթուղիների և օդանավակայանների աշխատողները մեկօրյա նախազգուշական գործադուլի են դուրս եկել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Այդ մասին  տեղեկանում ենք Deutsche Welle պարբերականից:

24-ժամյա գործադուլը սկսվել է մարտի 27-ի կեսգիշերին: Գործադուլի պատճառով չեն աշխատում Ֆրանկֆուրտի և Մյունխենի խոշոր միջազգային օդանավակայանները։ Աշխատանքը դադարեցրել են նաև այլ օդանավակայաններ:

Պարբերականը հաղորդում է, որ Բեռլինի Բրանդերբուրգի օդանավակայանը միակն է, որն աշխատանքը շարունակում է սովորական ռեժիմով: Ընդհանուր առմամբ, օդանավակայաններում գործադուլն ազդել է շուրջ 400 հազար ուղևորի վրա:

Նույն կերպ պարալիզացվել է նաև Գերմանիայի երկաթուղային հաղորդակցությունը: Գործադուլին միացել է երկաթգծերի ավելի քան 30 հազար աշխատակից:

Գերմանական հիմնական երկաթուղային օպերատորը՝ Deutsche Bahn-ը, հայտարարել է հեռավոր վայրեր ուղևորվող գնացքների մեկնումները չեղարկելու մասին:

Գերմանիայի 7 նահանգներում գործադուլներն ազդել են նաև հանրային տրանսպորտի, մասնավորապես ավտոբուսների, տրամվայների և մետրոյի աշխատանքի վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի արհմիությունները կոչ են արել տրանսպորտային ճյուղի աշխատողներին մասնակցել գործադուլին՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում՝ բարձր գնաճի պատճառով։

Այսպես, «Վերդի» արհմիությունը հայտարարել է, որ գործադուլի կոչ է արել 120 հազար մարդու, իսկ երկաթուղայինների իրավունքները պաշտպանող EVG արհմիությունը՝ 230 հազար մարդու։ Արհմիությունները պահանջում են առնվազն 10,5 %-ով բարձրացնել աշխատավարձերը: