
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մարտի 30-ին Գավառի բժշկական կենտրոնում կասկածելի հանգամանքներում մահացած Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հասմիկ Հարությունյանի մահվան փաստով։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հասմիկի հարազատներն ասում էին.
«Մեր տան ծուխը մարեցին, 2 երեխաների մայրը, ով կյանքում առողջական խնդիրներ չէր ունեցել, խնամքին ուներ 2 տղա, մեկը՝ 5 տարեկան, մեկը՝ 9 ամսական։ Հերթական հղիությունը ընդհատելու նպատակով մարտի 30-ին իր ոտքով այցելել է Գավառի հիվանդանոց, որտեղ բուժքույրը, ով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է, ներարկում է կատարում՝ ասելով, որ ցավազրկող է։ Ներարկումից 5 րոպե անց Հասմիկի ինքնազգացողությունը վատանում է։ Նա բուժքրոջը հայտնում է, որ վատ է զգում իրեն ու 10 րոպեի ընթացքում Հասմիկը մահանում է»:
Կնոջ հարազատները պահանջում են, որպեսզի կատարվի օբյեկտիվ նախաքննություն ու մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատժվեն:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: