G7-ը հայտարարություն չի ընդունի գագաթաժողովու...

Յոթի խմբի (G7) երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն չեն ընդունի Կանադայում կայանալիք գագաթաժողովից հետո՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի եւ մաքսատուրքերի վերաբերյալ անհամաձայնությունների պատճառով: Այս պահին նման փաստաթուղթ մշակվում է, հաղորդել է ճապոնական Mainichi թերթը՝ հղում կատարելով կառավարության աղբյուրներին: Ինչպես նշվել է հոդվածում, G7-ը ավանդաբար մեծ նշանակություն է տվել միջազգային առեւտրի ազատությանը, եւ Թրամփի պրոտեկցիոնիստական​​քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում G7-ի անդամների շրջանում։ Եվս մեկ գործոն է նշվել ԱՄՆ նախագահի «ռուսամետ դիրքորոշումը» Ուկրաինայի հարցում: Արդյունքում՝ Կանադան, որն այս տարի նախագահում է G7-ում, եւ G7-ի մյուս երկրները կարծում են, որ փոխզիջման հասնել չի հաջողվում: Համատեղ հայտարարության փոխարեն նախատեսվում է ընդունել մի քանի փաստաթղթեր առանձին թեմաներով, մասնավորապես՝ հազվագյուտ մետաղների եւ այլ կարեւոր նյութերի կայուն մատակարարման շղթաների ստեղծման, ինչպես նաեւ արհեստական ​​բանականության վերաբերյալ։ Ինչպես գրել է Mainichi-ն, Ճապոնիայի կառավարության որոշ անդամներ մտահոգված են, որ G7 գագաթաժողովում համատեղ հայտարարության բացակայությունը կթուլացնի Ռուսաստանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի վրա զսպող ազդեցությունը։ Սակայն կառավարական մի աղբյուր նշել է, որ «վերջին տարիներին հռչակագրերը հասել են մոտ 30 էջի, եւ դրանք չեն կարդում»։ Փոխարենը G7 գագաթաժողովում կարեւորը անկեղծ փոխանակումներն ու համագործակցության ընդլայնումն են, ասել է նա։