Ֆոն դեր Լայենը, Վուչիչը և Ֆիցոն շնորհավորել ե...

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իրենց X-ի էջերում շնորհավորել են Պետեր Մադյարին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

ֆոն դեր Լայենի կարծիքով Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են երկրի՝ եվրոպական ուղուն վերադառնալու մասին:

«Հունգարիան ընտրեց Եվրոպան։ Հունգարիան վերադառնում է եվրոպական ուղի: Միությունը հզորանում է»,- գրել է ֆոն դեր Լայենը X-ում:

Վուչիչը, շնորհավորելով Մադյարին, հույս է հայտնել երկու երկրների միջև համագործակցության շարունակականության վերաբերյալ:

«Շնորհավորում եմ Պետեր Մադյարին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Հավատում եմ Հունգարիայի և Սերբիայի միջև արգասաբեր համագործակցության շարունակականությանը և երախտապարտ եմ Վիկտոր Օրբանին՝ նման հարաբերությունները հնարավոր դարձնելու համար»,- գրել է Վուչիչը X-ում։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ընդունում է Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և շնորհավորել է «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին հաղթանակի առթիվ։

«Լիակատար հարգանքով ընդունում եմ Հունգարիայի քաղաքացիների որոշումը, որը կայացվել է երեկվա խորհրդարանական ընտրություններում, և պատրաստ եմ ինտենսիվ համագործակցության Հունգարիայի ընտրված նոր վարչապետի հետ, ում շնորհավորում եմ ընտրությունների արդյունքների կապակցությամբ»,- գրել է նա X-ի իր էջում։