Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին ավազով բարձված...

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում «KamAZ» մակնիշի՝ ավազով բարձված բեռնատարը Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք և կողաշրջվել։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Կողաշրջման հետևանքով սկսվել է գազի արտահոսք: ԳԳՄ-ի աշխատակիցները գազի արտահոսքը ժամանակավորապես դադարեցրել են ու հիմա ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ վթարված խողովակը վերանորոգելու, հենասյուները տեղադրելու, իսկ դրանից հետո գազամատակարարումը վերականգնելու համար։