Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպայական կազմին ուսադիրներ շնորհելու արարողության ժամանակ խոսել է Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այս մասին հաղորդում է БЕЛТА լրատվական գործակալության հաղորդագրությունը:
«Երբ Ռուսաստանում տեղի ունեցան իրադարձությունները, ես բոլոր հրամանները տվեցի բանակը լիարժեք մարտական պատրաստության բերելու համար… Կեսօրից հետո բանակը, բոլոր զինված ուժերը, ներառյալ՝ ոստիկանությունը, հատուկ ջոկատայինները, բերվել են լիակատար մարտական պատրաստության վիճակի», - ասել է Լուկաշենկոն։
Ալեքսանդր Լուկաշենկոն նաև շեշտել է, որ հիմա ինչպես Բելառուսի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար բարդ ժամանակներ են:
«Համաշխարհային նոր հակամարտության սպառնալիքը երբեք այսքան մոտ չի եղել, որքան այսօր», - նշել է նա:
Լուկաշենկոն նաև հայտնել է, որ Ռուսաստանի փլուզումը՝ որպես պետության, կհանգեցնի աղետի:
«Իմ դիրքորոշումը հետևյալն է՝ եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակներում, բոլորս կմեռնենք», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «Пул первого» Telegram ալիքը, որը սերտորեն կապված է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հետ: