
Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, ով հրապարակավ հայտարարել էր, որ կմիանա վարչապետին Վեհարանը կաթողիկոսից ազատելու գործողությանը, Facebook-ի իր էջում «լայվ» է մտել եւ պարզաբանել իր տեսակետը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր առավոտյան հայտնաբերեցի, որ ինձ ֆեյսբուքյան հրապարակումներից մեկը ընդդիմության ֆեյքերի մոտ հոգեխանգարմունք է առաջացրել և իմ էջում տարբեր գրառումների տակ հայհոյախառն արտահայտությունների հանդիպեցի, ոչ միայն իմ հասցեին, նաև վարչապետի հասցեին, բայց դա ինձ բացարձակ չի խանգարում ասել ճշմարտությունը։
Երեկ վարչապետն իր էջում գրառում էր արել, որտեղ ակնհայտորեն ասված էր, որ «Կտրիչ Ներսիսյանը հավատավոր հետևորդներիս հրավիրում է ազատել Վեհարանը, կանենք պատրաստ եղեք»։ Եվ ես իմ էջում գրել էի, որ պատրաստ ենք։ Այո, ես հիմա էլ եմ պնդում, որ ես պատրաստ եմ, ինչու՞։
Ընդդիմադիր ֆեյքերը նշել էին, որ ես ուսուցիչ եմ և մանկավարժը նման բան է գրում։ Նախ ես որևէ անհարգալից բան չեմ գրել, ես վերահաստատել եմ իմ սկզբունքային մոտեցումները այս հարցում և աջակցությունս ՀՀ վարչապետին և ինչու եմ աջակցում և ինչում է կայանում իմ սկզբունքային լինելը։
Ես գտնում եմ, որ որպես մանկավարժ ես պարտավոր եմ ունենալ դիրքորոշում, որպես մանկավարժ, որպես մտավորական, ես պարտավոր եմ պայքարել մի բանի դեմ, որը կարող է արատավոր հետևանքներ ունենալ նոր սերնդի դաստիարակության գործում։
Ո՞վ պետք է լինի հոգևորական, ինչպիսին պիտի լինի հայ հոգևորականը, էլ չեմ խոսում կաթողիկոսական աթոռը, գահը զբաղեցնող անձի բարոյական, հոգեբանական, առաքինի կերպարի մասին։ Գիտեք, ես 2008–ի մարտի մեկի դեպքերից հետո, մի օր առավոտյան աշխատանքից դուրս եկա և գնացի առավոտյան ժամերգության։ Ժամերգությունը վարում էր Կճոյանը և երբ որ մտա ներս ու բեմից հնչում էր անեծք ընդդիմադիրների վերաբերյալ, մասնավորապես այդ ժամանակ արդեն փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ես հասկացա, որ այլևս եկեղեցին վերածվել է քաղաքական, սուտ, կեղծ, բարոյական մի կառույցի, որտեղ մարդիկ անիծում են։
Ես դրանից հետո կորցրել եմ հավատս, երկար ժամանակ եկեղեցի չէի գնում։ Չէի գնում, որովհետև սասանվել էր իմ հավատը, ես Աստծուն փնտրում էի իմ ներսում, իմ տանը և ինքս ինձ հետ անընդհատ կռիվ էի տալիս։ Անցան տարիներ, ես այդ ցավը, այդ ողբերգությունը երբեք չեմ մոռացել։
Հիմա հայ հասարակությունը ալեկոծված է, որովհետև հասկանում է, որ բարոյական արժեքներ չունեցող անձը իրավունք չունի իր հոգևոր հովիվը լինելու։ Սկսած երեխաներից մինչև մեծերը քննարկում են այս խնդիրը։ Ես չեմ կարողանում հասկանալ Կտրիչ Ներսիսյանին, ով կառչել է կաթողիկոսական գահին իր ունեցվածքը պահելու համար։
Այո, ես մանկավարժ եմ, ես ուզում եմ, որ իմ սաները տեսնեն առաքինի վեհափառ, տեսնեն, որ Հայ առաքելական եկեղեցին ղեկավարում է բարոյական բարձր արժեքներ ունեցող անձը։ Ես ուզում եմ, որ իմ սաները տեսնեն, որ Հայ առաքելական եկեղեցում զինված ապստամբության կոչ անող հոգևորականներ չկան։ Որ Հայ առաքելական եկեղեցին բռնության չի գնում, և հոգևորականը չի ասում՝ երկու հոգու կգյուլլենք, հետո գումար կվճարենք և այդ մարդիկ հանգիստ կապրեն։
Ես ուզում եմ՝ իմ սաները տեսնեն, որ Հայ առաքելական եկեղեցում չկան հոգևորականներ, որոնք հայ ժողովրդի մասին խոսելիս ասում են՝ «խորը անասուն» և «էշեր»։
Եվ ես իմ պարտքն եմ համարում որպես ուսուցիչ՝ գնալ վարչապետի հետ մինչև վերջ։ Ես համարում եմ, որ դա մեզանից յուրաքանչյուրի պարտքն է»,–ասաց նա։
Դպրոցի տնօրենը նկատեց, որ մեր եկեղեցին վաղուց վերածվել է բիզնես կենտրոնի, անեծքի, ահաբեկչության մտքեր գեներացնող վայրի. «Այո, ես գտնում եմ, որ կուսակրոնության ուխտը խախտած մարդը չի կարող լինել իմ Վեհափառը, չի կարող լինել անչափահաս երեխաների Վեհափառը, որովհետև ինքը վատ օրինակ է ցույց տալիս, որովհետև իր հոգևորականները հրաժարվում են մկրտել այս կամ այն քավորին նախապատվություն տալու տեսանկյունից։
Կտրիչ Ներսիսյանը իմ վեհափառը չէ, և եթե վարչապետը նախաձեռնել է մի շարժում, որը պիտի, ի վերջո, ազատագրի Հայ առաքելական եկեղեցին, ես իր կողքին եմ։ Եեթե դա պիտի աներ մեկ այլ անձ, ով պիտի գնար այդ ճանապարհով, ես էլի իր կողքին կլինեի, որովհետև դա իմ համոզմունքներից է բխում։
Ցանկացած ուսուցիչ պարտավոր է գնալ բարոյական արժեքների հետևից. չես կարող երեխային դասի ժամանակ պատմել Հայ առաքելական եկեղեցու մասին, խոսել նրա դերի մասին, երբ երեխան համացանցով տեսնում է, թե ինչ է ասում այս կամ այն հոգևորականը։ Այդ երեխան գնալու է ուրիշ ճանապարհով, ինքը փնտրելու է այլ հավատքի աղբյուր։ Ես ուզում եմ, որ ընտրվի վեհը և վեհարանը վեհին վերադարձնենք»։