Ես երդվյալ ատենակալների ձեւաչափով կարող եմ ապացուցել, որ երբեք որեւէ մեկին Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք չեմ խոստացել, ոչ էլ թույլ եմ տվել, որ նման տպավորություն ստեղծվի։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ես կարող եմ ապացուցել, եւ դրան որեւէ առարկություն չի կարող լինի։ Այլ հարց, որ ես չպետք է ապագաղտնիացնեմ իմ որոշումները, սակայն եթե ընդդիմադիրները քննիչ հանձնաժողովում ասեն՝ չէ, դու խոստացել ես, ես մի քիչ կդիմադրեմ, բայց երբ շարունակեն, իմ ձեռքով կապագաղտնիացնեմ եւ կապացուցեմ»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ կոմունիկացիայի առանձին օրակարգ պարզապես գոյություն չունի։ Դա հարց է, րը տեղավորվում է տարածաշրջանային կոմունիկացիների բացման շրջանակում, որտեղ արձանագրվում է, որ այդ հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ապահովել, ինչը շատ կարեւոր արձանագրում է։
«Մենք փոխադարձաբար պայմանավորվել ենք բացել տարածաշրջանային կոմունիկացիաները։ Նաեւ կա նոր ենթակառուցվածքների կառուցման գաղափար։ Հայաստանը նման ենթակառուցվածքներ կառուցելու պարտավորություն չունի։ Հայաստանը կարող է դիտարկել այդ տարբերակը եւս։ Եթե համաձայնի Հայաստանը, այդ տարբերակը կկիրառվի, իսկ Հայաստանը կհամաձայնի այն դեպքում, երբ տեսնի, որ տարածաշրջանի ինտեգրման, փոխշահավետության ֆոն է ստեղծում։ Այդ ճանապարհները պետք է գործեն սուվերենության եւ իրավազորության ներքո»,- նշեց Փաշինյանը։
Ըստ նրա կա նաեւ Հայաստանի հյուսիսային եւ հարավային հատվածներն իրար կապող երկաթուղին գործարկելու խնդիր կա․ միակ երկաթուղին անցում է Նախիջեւանի տարածքով։
«Մեղրին եւ Այրումն իրար կապող բոլոր հնարավոր երկաթուղիներն անցնում են Ադրբեջանի տարածքով։ Նույն սկզբունքով, որով Երասխը կկապվի Մեղրիին, նույն սկզբունքով Հորադիզը կկապվի Օրդուբադի հետ։ Մենք պատրաստ ենք վերակառուցել երկաթուղին, Բրյուսելում մենք եկել էինք դրա պայմանավորվածությանը, սակայն երբ եկավ իրավական մասը, Ադրբեջանը հրաժարվեց ստորագրությունից։ Ես ասացի՝ ստորագրում եմ, Ադրբեջանը չստորագրեց»,- ընգդծեց Փաշինյանը։



