
Վերջին երկու տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնք վերաբերել են հենց այս ոլորտին, խոսքը 20-ից ավել թեմատիկ միջոցառումների մասին է, ունեցել ենք 1000-ից ավել մասնակիցներ 30 և ավել երկրներից, սա այն բանի մասին է խոսում, որ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր երկրում կայանա այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3–ին, Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կազմակերպած Երրորդ ամենամյա միջազգային արբիտրաժային շաբաթի ժամանակ նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մեր կառավարությունը մեծ կարևորություն է տալիս վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացմանը, և կառավարությունն ունի այն ընկալումը, որ ժամանակակից ներդրումային միջավայրը կառուցվում է ոչ միայն համարձակ գաղափարների և տնտեսական հնարավորությունների, այլ նաև վստահության վրա, վստահություն պետական ինստիտուտների նկատմամբ, վստահություն իրավական համակարգի նկատմամբ, և իհարկե վստահություն կանխատեսելի ու արդյունավետ վեճերի լուծման մեխանիզմների նկատմամբ։
Մենք գիտակցում ենք վեճերի լուծման արդյունավետ և մատչելի մեխանիզմների առկայության կարևորությունը, ներդրումների և տնտեսական աճի խթանման գործում, ինչպես նաև այն, որ միջազգային արբիտրաժը դրական ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման, այդ թվում առևտրային հարաբերությունների աճի և օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքի աճի վրա»,–ասաց նա։
Գալյանի խոսքով, Հայաստանում կա տնտեսական աճի մեծ ներուժ և պետական քաղաքականությունը հետևողականորեն ուղղված է վստահելի և ներդրողներին նպաստող միջավայրի ձևավորմանը, որտեղ վեճերը չեն խոչընդոտում համագործակցությանը, այլ լուծում են բարձր վստահության և պրոֆեսիոնալիզմի պայմաններում։
«Այս առումով ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն երկու տարի է գործում է արբիտրաժի և հաշտարարության Հայաստանյան կենտրոնը, որը ձևավորվել է հենց կառավարության ջանքերով և նախորդ տարիներին քննարկվել է, որ այս կենտրոնը պետք է ստանձնի ոլորտում առաջնորդությունը և ուրախ եմ այսօր խոսել արդեն դրական քայլերի մասին, որոնք գրանցել է հենց արբիտրաժային կենտրոնը։ Արդեն իսկ ունենք 200-ից ավել արբիտրաժային գործ, որոնք քննվել են կենտրոնի կողմից և 50-ից ավել հաշտարարության գործ։
Հատկապես կցանկանամ շեշտադրել այն հանգամանքը, որ հաջողություն ունենք գրանցած նաև հաշտարարության ոլորտում։ Մասնավորապես վերջին շրջանում մենք պարտադիր հաշտարարության ինստիտուտը ներդրեցինք ընտանեկան որոշ վեճերով և արդեն իսկ այդ կարգավորումները գործում են։ Ունենք դեպքեր, երբ այդ վեճերը ավարտվել են հենց հաշտությամբ։
Իմ կողմից նշվածը վկայում է մեկ նպատակի մասին, այն է ունենալ վստահելի, համապարփակ արդարադատության համակարգ, որտեղ վեճերի այլընտրանքային լուծման երկու հենասյունները՝ արբիտրաժը և հաշտարարությունը իրենց ամուր և նշանակալի դերը կունենան։ Նշվածը, իհարկե, հնարավոր կդառնա միայն դատական համակարգի աջակցության և դատական համակարգի հետ սերտ համագործակցության շնորհիվ, և ուրախությամբ ուզում եմ նշել, որ դատական համակարգը ևս դրական է վերաբերում այս ինստիտուտների զարգացմանը։
Սա էական հանգամանք է, քանի որ մեր նպատակն է ունենալ կանխատեսելի արդարադատություն և վեճերի լուծման կայուն մեխանիզմներ։ Եվ ես կարող եմ փոքր-ինչ էգոիստական կառավարության տեսանկյունից ձևակերպում անել, որ առաջնահերթ կառավարությանը պետք է զարգացնել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ, որպեսզի բեռնաթափվեն դատարանները, բայց մեր խնդիրը դա չէ, ըստ էության։ Իհարկե, դա միանշանակ օգնելու է դատարանների բանաթափմանը, բայց ես, ինչպես նշեցի իմ խոսքում, մեր առաջնահերթությունը ունենալն է այնպիսի մեխանիզմ, որը վստահություն կվայելի բոլորի կողմից։
Եթե քննարկենք, թե ինչն է երկրի զարգացման գործոն հանդիսանում, ի թիվս բազմաթիվ գործոնների, շատ թավ պետք է շեշտադրենք հենց վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմների առկայությունը, որովհետև հենց դրանք են, որ բարձրացնում են վստահությունը օրինակ, օտարերկրյա ներդրողների մոտ։
Ամփոփելով, ուզում եմ ընդգծել, որ այսօրվա միջոցառումն ու առաջիկա օրերին նախատեսված քննարկումները դառնալու են նոր գաղափարների և նախաձեռնությունների հարթակ, օգտակար ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի և միջազգային զարգացումների համար»՞,– իր խոսքն ամփոփեց նախարարը։