Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն...

Այսօր՝ ապրիլի 24-ին, հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Բաբայան 38 շենքի բնակիչը առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է, որ բակում կայանված, իրեն պատկանող «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան թալանել են: 
 
Քաղաքացին ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ ահազանգը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, որտեղից  ժամանել է հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայի «շիթ»-ն ու լուսարձակները՝ տուժողին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս: 
 
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: