
Երևանի վարչական տարածքում գտնվող, ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի նկատմամբ հաշվարկված անշարժ գույքի հարկի գծով սահմանվել է 2023թ.-ից մինչև 2025թ. ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նվազեցման արտոնություն: Միևնույն ժամանակ՝ ավագանու որոշմամբ նշված շենքերի կառուցապատողներն ազատվել են նույն ժամանակահատվածի համար սահմանված կարգով հաշվարկված և չվճարված տույժերից:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Որոշման հիմքում հաշվի են առնվել կառուցապատման շուկայում խորացող խնդիրները, որոնք լուրջ մարտահրավերներ են ստեղծում ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում, սնանկությունների և ձախողումների առավել ռիսկայնությունը, ինչպես նաև հազարավոր ընտանիքների իրենց խոստացված բնակարանները ստանալու կարևորությունը: Մանրամասները՝ հղմամբ.
Սահմանված ժամկետներում շինարարությունն ավարտելը բխում է համայնքի և պետության շահերից, շինարարության օբյեկտների և դրանց հարակից տարածքների բնակչության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունից: Գործող օրենսդրությամբ նախատեսված են ընթացակարգեր և օրենսդրական մեխանիզմներ՝ լծակներ, որոնք ուղղված են կառուցապատողների կողմից շինարարությունը սահմանված ժամկետում ավարտին հասցնելուն: Գործնականում տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ ավարտական ակտի տրամադրումը հնարավոր չի լինում ապահովել սահմանված ժամկետներում, ինչը կառուցապատողների համար առաջացնում է բացասական հետևանքներ՝ նոր տուրքերի վճարում, տուգանքներ և այլն: Հաշվի առնելով առաջացող խնդիրները՝ Երևանի ավագանու որոշմամբ սահմանվել է արտոնություն՝ 2025թ. տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:
Արտոնությունը կկիրառվի այն դեպքում, եթե դիմումատուն, իրավաբանական անձի դեպքում՝ նաև գործադիրի ղեկավարը, թույլտվության ժամկետի օրվա դրությամբ Երևան համայնքի հանդեպ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ, և կա ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի անդամների առնվազն կեսի ստորագրությունը: Մանրամասները՝ հղմամբ։
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հոկտեմբերի 23-ին: