Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձի...

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2010-2018 թթ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության պետի պաշտոնը զբաղեցրած անձը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը։

Մասնավորապես՝ նշված պաշտոնատար անձը 2013 թվականի սեպտեմբերի 16-ին կազմակերպել է Երևանի կենտրոնում գտնվող՝ 0.0250 հա մակերեսով հողամասի ձևական աճուրդ-վաճառքի անցկացումը և դրա վերաբերյալ կեղծ բովանդակությամբ արձանագրության կազմումը, որի արդյունքում աճուրդին փաստացի չներկայացած նրա մտերիմը ճանաչվել է հաղթող, և կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը։

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմակերպել է նշված հողամասի ընդլայնման ապօրինի գործընթաց՝ չարձանագրելով օտարվող հողամասում ինքնակամ կառույցի առկայությունը և չկազմակերպելով դրա օրինականացման գործընթացը, որի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։

Այնուհետև, չարաշահելով պաշտոնեական դիրքը, նշված պաշտոնատար անձը  կազմակերպել և համաձայնեցրել է վերը նշված հողամասի վրա քաղաքաշինական մի շարք նորմերի խախտումներով կառուցվող բազմաբնակարան շենքի վերաբերյալ շինարարության թույլտվության տրամադրման գործընթացը, այդ թվում՝ պաշտոնական փաստաթղթում կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով։ Հետագայում  քաղաքաշինական նորմերի խախտումներով կառուցված բազմաբնակարան շենքը, կից 0․0445 հա հողամասի հետ մեկտեղ, 2018 թվականին շինծու նվիրատվության պայմանագրով անհատույց հանձնվել է նշված պաշտոնատար անձի ընտանիքի անդամներին: Այդ կերպ քաղաքապետարանի պաշտոնյան օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 140.108.050 ՀՀ դրամ արժեքով գույքը։

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին),  4 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) և 2 դրվագ 314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին)։

Մեղադրանքներ են ներկայացվել նաև վերոգրյալ հանցանքների կատարմանն օժանդակած երկու անձի, այդ թվում՝ քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի որդուն։ Երեք մեղադրյալների նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, ՀՀ-ից բացակայելու արգելքն ու գրավը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: