
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի ժողովրդին հայտնի «ատոմակայանի» խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազել»-ը:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ «Գազել»-ը մասնավոր է և դաշտ էր տեղափոխում խաղող հավաքողների:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Mercedes»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում: