Էրդողանը կոչ է արել Հայաստանին որքան հնարավոր...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանին որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

«Եվս մեկ անգամ ես կոչ եմ անում Հայաստանին բռնել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից իրենց մեկնած բարեկամության ձեռքը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Թուրքիայի ղեկավարը ժողովրդին ուղղված ուղերձում իր գլխավորած կառավարության նիստից հետո, որի հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։

Ըստ Էրդողանի, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «նոր դարաշրջան բացեց տարածաշրջանում», սակայն Արևմուտքում որոշ ուժեր չեն ցանկանում համակերպվել դրա հետ։

Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը և նրա ղեկավարությունը պետք է խաղաղության և համագործակցության մեջ փնտրեն անվտանգություն, այլ ոչ թե «տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու»:

«Արևմտյան երկրների կողմից ուղարկված ոչ մի զենք և զինամթերք չի կարող ապահովել կայուն խաղաղության և անվտանգության միջավայր»,-ասել է Էրդողանը` չնշելով  պետությունների անունները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը գրեթե ամենամսյա պարբերականությամբ համատեղ զորավարժություններ են անցկացնում՝ հիմնականում ՀՀ-ի սահմանների հարևանությամբ: