Պարոն Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ։ Մեր համար սպասելի էր այս սպառնալիքների, շանտաժի, ֆիզիկական և քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու Նիկոլ Փաշինյանի գործելաոճը, բայց, ինչպես նախօրեին Գագիկ Ծառուկյանը նշել էր, որևէ դեպքում մենք չենք իջնելու այդ մակարդակին և չենք արձագանքելու նույն լեքսիկոնով: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամների, զավակների մասին, Գագիկ Ծառուկյանը նրա ընտանիքի անդամներին և նրա զավակներին մաղթում է քաջառողջություն և ասում է, որ որևէ դեպքում չի իջնելու այդ մակարդակին, չի գցելու իր «կլասը» և չի արձագանքելու այդ լեքսիկոնին։
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի՝ մինչև 2031 թվականը Գագիկ Ծառուկյանի տունը խլելու սպառնալիքներին. նախօրեին պարոն Ծառուկյանը հակընդդեմ առաջարկով է հանդես եկել, ինչո՞ւ սպասել մինչև 2031 թվականը, եթե կարելի է, օրինակ, հենց այսօր վերցնել կառավարական ամառանոցը և նվիրել պատերազմում վիրավորում ստացած մեր հերոսներին՝ վերականգնողական կենտրոն կառուցելու նպատակով»,-նշեց նա:
Տոնոյանը հավելեց, որ տարիների ընթացքում, բազմաթիվ անգամներ ականատես են եղել Նիկոլ Փաշինյանի՝ «սատկացնելու», «պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու» վերաբերյալ հայտարարություններին:
«Ականատես ենք եղել տարատեսակ քրեական գործերի, կալանավորումների, նույն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման գործընթացի, ընտրակաշառքի գործով կալանավորման:
Ի՞նչ տեղի ունեցավ տարիներ անց. Գագիկ Ծառուկյանն այդ մեղադրանքներով հարուցված քրեական գործի շրջանակում արդարացվեց, որևէ մեկը ներողություն չխնդրեց Գագիկ Ծառուկյանից՝ տարիների դատական քաշքշուկների, կալանավորման և մնացած բոլոր տեսակի հիմնազուրկ և գռեհիկ լեքսիկոնով հայտարարությունների համար, որովհետև ՔՊ-ի ներկայացուցիչները բացառիկ քաջություն ձեռք են բերում այն ժամանակ, երբ ինչ-որ նման գործընթացներ են սկսում, սկսում են աջ ու ձախ հայտարարություններով հանդես գալ, հետո, երբ այդ ամեն ինչը հերքվում է, որևէ մեկը ներողություն չի խնդրում։
Մենք բնականաբար չենք էլ ակնկալում, որովհետև դա ևս դաստիարակության և բարեկրթության մասին է խոսում, որից նրանք մղոններով հեռու են, բայց, այնուամենայնիվ, կրկնում եմ՝ մեր համար որևէ սարսափելի գործընթաց տեղի չի ունենում»,-մանրամասնեց ԲՀԿ խոսնակը։



