Չինաստանը հայտարարել է, որ կաշխատի Պակիստանի...

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 25-ին Պեկինում ընդունել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին՝ Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ​​ջանքերի շրջանակում։ Այս մասին հաղորդում է չինական Xinhua լրատվական գործակալությունը:

Հանդիպման վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

Սի Ծինփինի հետ հանդիպումից առաջ Շարիֆը բանակցություններ էր անցկացրել Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ։

France 24-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադի գլխավոր բանակցողը՝ Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը, վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ նույնպես գտնվում է Պեկինում։

Ավելի վաղ Մունիրը Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվիի հետ այցելել էր Թեհրան և բանակցություններ վարել իրանցի պաշտոնյաների հետ՝ Իրանի դեմ պատերազմի ավարտի միջնորդական ջանքերի շրջանակներում։

Չինաստանը հայտարարել է, որ կաշխատի Պակիստանի հետ՝ «Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնման գործում դրական ներդրում ունենալու» համար։

Իր հերթին, Պակիստանի պետական ​​PTV հեռուստաալիքը հաղորդել է, որ Պեկինում Չինաստանի ղեկավարության հետ հանդիպմանը Շարիֆն ասել է, որ «աշխարհը անցնում է կրիտիկական պահի միջով»։

«Գործերը ճիշտ ուղղությամբ են շարժվում: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Չինաստանին խաղաղության խթանմանն ուղղված աջակցության համար»,- հավելել է Շարիֆը։

Պակիստանը հանդես է գալիս որպես ԱՄՆ-Իրան հակամարտության միջնորդ և ապրիլի 11-12-ին հյուրընկալել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների առաջին փուլը, սակայն կողմերը համաձայնության չեն հասել։

Այժմ Պակիստանը կրկին քայլեր է ձեռնարկում երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու ուղղությամբ։