ԵՄ-ում անտառային հրդեհներն այրել են Կիպրոսի չ...

Եվրամիությունում անտառային և լանդշաֆտային հրդեհներն այս սեզոնին արդեն այրել են Կիպրոսի չափ տարածք։ Նման տվյալներ է ներկայացրել եվրոպական «Կոպեռնիկոս» Երկրի հետազոտության ծառայությունը:

Ըստ դիտարկումների տվյալների՝ այս պահին կրակի ճարակ է դարձել է 10 100 քառակուսի կմ, ինչն ավելի է Կիպրոսի տարածքից (9300 քառակուսի կմ): 

2025 թվականի անտառային հրդեհներն արդեն դարձել են ԵՄ-ի համար ամենաավերիչն առնվազն 2006 թվականից ի վեր. «Կոպեռնիկոս»-ը դա արձանագրել է դեռ օգոստոսի 19-ին:

Ընդ որում, Կիպրոսը նաև ԵՄ այն երկրների շարքում է, որոնք ամենաշատն են տուժել տարերքի մոլեգնումից: Այնտեղ անտառային հրդեհներն ընդգրկել են մի տարածք, որը համարժեք է երկրի մակերեսի 2,3%-ին: Այդ ցուցանիշով երկիրը զիջում է միայն Իսպանիային, որտեղ կրակն անտառներ և բուսականություն է այրել երկրի 3% տարածքում. ընդհանուր առմամբ, այնտեղ այս սեզոնին բոլոր անտառային հրդեհների մակերեսը գնահատվում է 4000 քառակուսի կիլոմետր: Հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք է այրվել նաև Պորտուգալիայում և Ռումինիայում (համապատասխանաբար՝ 2700 և 1200): 

«Կոպեռնիկոս»-ն անտառային հրդեհների վերաբերյալ տվյալներ է տրամադրում միայն 2006 թվականից ի վեր ժամանակահատվածի համար: Անտառային հրդեհների հայտնաբերման համակարգն արբանյակային կապի մոնիթորինգի միջոցով ներդրվել է 2003 թվականին: Ծառայության կայքում նշվում է, որ այդ համակարգը գրանցում է տարածաշրջանի բոլոր անտառային հրդեհների մոտ 95%-ը: