ԵՄ-ն գործարկել Է անօրինական միգրանտներից պաշտ...

Եվրամիությունը գործարկել է անօրինական ներգաղթյալների հոսքից արտաքին սահմանները պաշտպանելու երկու փորձնական նախագիծ: Նախագծերի մասին հաղորդել Է Եվրահանձնաժողովը։

Այդ մասին  տեղեկանում ենք DW-ի ռուսական ծառայությունից: Գործարկված նախագծերից մեկը ենթադրում է Բուլղարիայի և Թուրքիայի սահմանին անվտանգության ապահովում՝ փոխադրամիջոցների, վերահսկվող ճանապարհների, տեսախցիկների և դիտաշտարակների օգնությամբ: Բացի այդ, նախագծի շրջանակներում ԵՄ-ն պլանավորում է գործարկել ապաստան տրամադրելու և անօրինական միգրանտներին վերադարձնելու արագացված ընթացակարգեր։

Ինչպես հաղորդվել էր փետրվարին, ծրագիրը կարող է ֆինանսավորվել Եվրամիության հիմնադրամներից, Բուլղարիայի բյուջեից և ԵՄ-ի մյուս երկրների վճարումների ճանապարհով։ «Եվրահանձնաժողովը ֆինանսական աջակցություն կտրամադրի Բուլղարիային՝ ուժեղացնելու սահմանային հսկողությունը Թուրքիայի հետ իր արտաքին սահմանի վրա», -ասվում է ԵՀ-ի հաղորդագրության մեջ, որտեղ ստույգ թվեր չեն ներկայացվում:

Երկրորդ փորձնական նախագիծը, որի մասին նույնպես ազդարարվել Էր փետրվարին, գործի Էր դրվել ավելի վաղ՝ մարտի 17-ին։ Այն իրականացվում է Ռումինիայում և նաև նախատեսում Է միգրանտների գրանցման նոր գործիքակազմերի ներդրում, ապաստանի դիմումների վերաբերյալ ավելի արագ որոշումների կայացում և մերժում ստացած փախստականների վերադարձ:

«Իր ռազմավարական աշխարհագրական դիրքի շնորհիվ Ռումինիան, սահմանակից լինելով Սերբիային, Ուկրաինային և Մոլդովային, հանգուցային դեր է խաղում մեր ընդհանուր արտաքին սահմանի անվտանգության ապահովման գործում», - ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։