ԵՄ-ն ցանկանում է վերականգնել սահմանային հսկող...

ԵՄ ղեկավարությունը բանակցություններ է վարում Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին իր սահմանային հսկողության առաքելության վերականգնման շուրջ՝ մարտերի ընթացքում տուժած և առանց բժշկական օգնության մնացած Գազայի հատվածի բնակիչներին տարհանելու համար։ Այս մասին իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Խոսեպ Բորելը։

«Եգիպտոսում տեղի է ունենում Արաբական պետությունների լիգայի նախարարական հանդիպումը, որին ես հրավիրված էի։ Մենք նաև բանակցություններ ենք վարում, որպեսզի ԵՄ սահմանային վերահսկողության մեր առաքելությունը, որը երկար տարիներ տեղակայված է Եգիպտոսի և Գազայի սահմանին, կարողանա վերադառնալ և բացել անցակետ, որով հնարավոր կլինի տարհանել հիմնականում վիրավորներին, ովքեր չեն կարող օգնություն ստանալ Գազայում»,- ասել է նա։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև վերահաստատել է Բրյուսելի մտադրությունը՝ հնարավորինս արագ հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Այս պահին միակ բանը, որին պետք է հասնել, դա հրադադարն է։ Հրադադարի հասնելու ձգձգումը նյարդայնացնում է. մի օր մեզ ասում են, որ այն ձեռք է բերվելու, իսկ մյուս օրը, որ վաղը կարող ենք հասնել դրան: Իսրայելն ասում է, որ դա [պաղեստինյան շարժում] ՀԱՄԱՍ-ի մեղքն է, իսկ ՀԱՄԱՍ-ն ասում է, որ դա Իսրայելի մեղքն է», - ասել է Բորելը: