ԵՄ-ն ցանկանում է փոխել Frontex-ի լիազորությու...

Եվրահանձնաժողովը մտադիր է սահմանափակել սահմանային վերահսկողության Frontex գործակալության լիազորություններն առանձին երկրների սահմանապահ ծառայությունների աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտումները հետաքննելու հարցում։ Այս մասին հայտնում է «Financial Times» (FT) պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի տվյալների՝ ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուները ցանկանում է ընդլայնել անօրինական միգրանտներին հայրենիք վերադարձնելու և Եվրամիության սահմաններից դուրս գործողություններ իրականացնելու հարցում Frontex-ի լիազորությունները։ Միևնույն ժամանակ, առանձին պետությունների սահմանապահ ծառայությունների կողմից մարդու իրավունքների խախտումները հետաքննելու՝ գործակալության հնարավորությունները կսահմանափակվեն։ Նոր կանոններով՝ Frontex-ի գործողություններին մասնակցող ազգային իրավապահների կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումների մասին տեղեկությունները կփոխանցվեն համապատասխան երկրների իշխանություններին։ Ինչպես պարզաբանել է պարբերականի զրուցակիցներից մեկը, այս բարեփոխումը թույլ կտա ավելի քիչ շեղվել դաշինքի անդամների խնդիրների վրա ու «կենտրոնանալ բուն Frontex-ի վրա»։ Մեկ այլ աղբյուր էլ նշել է, թե գլխավոր նպատակն այն է, որ Frontex-ը «ավելորդ գլխացավանք չդառնա անդամ պետությունների համար»։

Ավելի վաղ Frontex-ի մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Յոնաս Գրիմհեդենն իր զեկույցում գրել էր, որ խախտումների վերաբերյալ ահազանգերը հաճախ հետաքննում են հենց այն կառույցների ներքին վերահսկողության ստորաբաժանումները, որոնց դեմ էլ ուղղված են եղել մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման վերաբերյալ բողոքները։ Frontex-ն արդեն իսկ արձանագրել է սահմանային գործողությունների ընթացքում մարդու իրավունքների խախտման դեպքեր։ Մասնավորապես, գործակալության ներքին զեկույցներում տեղեկություններ կան Հունաստանում միգրանտների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության, ինչպես նաև ալբանացի ոստիկանների կողմից գույքի հափշտակության դեպքերի մասին։