ԵՄ-ն արտահերթ նիստ է հրավիրում Հունգարիայում...

Եվրահանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրում Էլեկտրաէներգետիկայի համակարգման խմբի շրջանակում՝ կապված Դանուբի ռեկորդային ծանծաղելու պատճառով հունգարական «Պակշ» ատոմային էլեկտրակայանի աշխատանքի դադարեցման հետ, այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Պետեր Մադյարը նախազգուշացրել է մոտեցող էներգետիկ ճգնաժամի մասին։

«Թեև օպերատորը նախատեսել է վթարային միջոցառումներ միջուկային անվտանգությունն ապահովելու համար, նմանատիպ իրադարձությունը կարող է էլ ավելի բարդացնել էներգետիկ հաշվեկշիռը տարածաշրջանում,- Euronews-ին տված մեկնաբանությունում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Աննա-Կայսա Իտկոնենը։- Հանձնաժողովը պատրաստ է ցանկացած պահի Էլեկտրաէներգետիկայի համակարգման խմբի արտահերթ նիստ հրավիրելու»։

Պետեր Մադյարը նախազգուշացրել է, որ Հունգարիան կարող է բախվել էներգետիկ ճգնաժամի արդեն հաջորդ շաբաթ, երբ կանգնեցվեց «Պակշ»-ը՝ երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի գրեթե կեսն ապահովող կայանը՝ Դանուբում ջրի ռեկորդային ցածր մակարդակի պատճառով, որն օգտագործվում է ռեակտորների հովացման համար։ Սա կայանի առաջին ամբողջական կանգառն է 42 տարի առաջ դրա գործարկումից ի վեր։

«Դա նշանակում է, որ ամենաուշը երկուշաբթի օրվանից կկորսվի հունգարական գեներացիայի 2000 մեգավատ հզորություն, մինչդեռ բնակչության և հանրային հատվածի պահանջարկը շարունակում է աճել շոգի պատճառով»,- ասել է Պետեր Մադյարը։