Էկվադորում հանրահավաքից հետո սպանվել է նախագա...

Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյին սպանել են նախընտրական հանրահավաքից հետո։ Նրա մահը օգոստոսի 10-ին հաստատել Է Էկվադորի ղեկավար Գիլերմո Լասոն։ Նախագահի խոսքով՝ ինքը «վրդովված և ցնցված է սպանությունից»։ Լասոն իր համերաշխությունն ու ցավակցությունն է հայտնել քաղաքական գործչի կնոջն ու դուստրերին և հավաստիացրել, որ հանցագործությունն անպատիժ չի մնա․ «Կազմակերպված հանցավորությունը չափազանց հեռուն է գնացել, մարդասպանների վրա կընկնի օրենքի ողջ ծանրությունը», հավելել է պետության ղեկավարը:

El Universo թերթը հայտնում է, որ Վիլյավիսենսիոն սպանվել է երեք կրակոցով՝ Կիտոյում նախընտրական հանդիպումից հետո։ Պարբերականի աղբյուրների նախնական տվյալներով՝ վիրավորվել է 8 մարդ, նրանցից 7-ը հոսպիտալացվել են։

Ազգային ոստիկանությունը սկսել է մեղավորներին գտնելու գործողությունները, փակվել են դեպքի վայրի մոտակայքում գտնվող փողոցները:

Գիլերմո Լասոն հայտարարել է անվտանգության խորհրդի նիստը: Նա հայտարարել է, որ խնդրել է ընտրական խորհրդի ղեկավարին, գլխավոր դատախազին, դատարանի նախագահին և այլ պետական մարմինների ներկայացուցիչներին՝ մասնակցել հանդիպմանը, որպեսզի արձագանքեն ամբողջ երկիրը ցնցած իրադարձությանը:

Էկվադորում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 20-ին: Վերջին հարցումների համաձայն՝ աջ կենտրոնամետ Վիլյավիսենսիոն բավարար ձայներ չի հավաքել հաղթելու համար:

Էկվադորի նախագահը եռօրյա ազգային սուգ Է հայտարարել նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության կապակցությամբ:

Հատկանշական է, որ ընտրական հանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ Էկվադորում ընտրությունների օրը, որը սահմանվել է օգոստոսի 20-ին, չի փոխվի թեկնածուներից մեկի սպանության ֆոնին: