Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան և դրա ազդեցությունը խաղաղ բնակչության, հատկապես ամենախոցելի խավերի վրա։
Միյատովիչն այդ մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վերջին տարիների ընթացքում տեղի բնակչությունը տուժել է տարածաշրջանում ռազմական գործողությունների հետևանքներից:
«Մասնավորապես, անցած դեկտեմբերից նրանք ապրում են մեկուսացման մեջ՝ զգալով առաջին անհրաժեշտության պարագաների և ծառայությունների սուր պակաս։ Ես խորապես մտահոգված եմ տեսնելով, որ նրանց անվտանգությունը հերթական անգամ վտանգված է, իսկ մարդու իրավունքները ոտնահարվում են՝ խորացնելով տառապանքը»,-նշել է Մարդու իրավունքների հանձնակատարը։
Նա խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ ընդգծում է տարածաշրջանում ռազմական գործողությունների լիակատար ավարտի անհրաժեշտությունը։ Կարևոր է կանոնավոր և անարգել մուտք ապահովել մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների համար։
«Պետք է շտապ վերականգնվի հաշտեցման հնարավորությունը և երկխոսությունը, երաշխավորվի տուժած բնակչության իրավունքների լիարժեք հարգանքը՝ կայուն խաղաղություն ապահովելու համար»,- նշել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը ՝ վերահաստատելով հանձնառությունը՝ մեկնելու տարածաշրջան՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների առկա մարտահրավերները: