Դրամի արժեզրկում. գնաճային սպասումներ. Կենտրո...

Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին ռուսական ռուբլու փոխարժեքի նվազման եւ ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացման մասին NEWS.am-ը մեկնաբանություն է խնդրել Կենտրոնական բանկից։

Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացումը, ինչպես նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքի իջեցումը:

Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական կոնֆլիկտի պայմաններում ԱՄՆ, Եվրամիության, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների կողմից Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները հանգեցրել են ռուսական ռուբլու էական արժեզրկման (փոխարժեքի նվազման) աշխարհի բոլոր արժույթների, այդ թվում՝ նաեւ ՀՀ դրամի նկատմամբ: Վերոնշյալ իրադարձությունների ներքո, ինչպես աշխարհի տարբեր ֆինանսական շուկաներում, այնպես էլ ՀՀ-ում, որի կարեւոր առեւտրային եւ ֆինանսական գործընկերներից է ՌԴ-ը, դիտարկվում է ֆինասական եւ արժութային տատանողականության զգալի ավելացում՝ պայմանավորված անորոշության կտրուկ ավելացմամբ եւ արտարժույթի նկատմամբ պահանջարկի որոշակի ավելացմամբ:

Ի՞նչ կանխատեսումներ ունի Կենտրոնական բանկը. արդյոք հնարավո՞ր է դոլարի բարձրացման շարունակություն լինի:

2021թ-ի վերջին եւ 2022թ-ի սկզբին արժութային շուկայի հիմնարար գործոնների տեսանկյունից շարունակվում է ՀՀ արտաքին հաշվեկշռի էական բարելավումը: ԿԲ-ի գնահատմամբ՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում կարճաժամկետ հատվածում կարող են դրսեւորվել արտաքին հաշվեկշռվածության ինչպես դրական (զբոսաշրջային, կապիտալի ու միգրացիոն հոսքեր, եւ այլն), այնպես էլ բացասական (արտահանման ժամանակավոր դժվարություններ, դրամական փոխանցումների նվազում եւ այլն) գործոններ, որոնք էլ որոշիչ կլինեն արժութային շուկայի՝ որեւէ ուղղությամբ միտումների ձեւավորման համար:

Կենտրոնական բանկը պատրաստվո՞ւմ է այդ առնչությամբ ինտերվենցիա անել, հաշվի առնելով այն, որ բանկը նախկինում դոլարի աճի զսպելու համար ինտերվենցիա արել է:

ՀՀ դրամի փոխարժեքը Հայաստանում ազատ լողացող է եւ ԿԲ-ը չի նպատակադրում փոխարժեքի որեւէ մակարդակ։ ՀՀ Կենտրոնական բանկը արժութային շուկային միջամտում է ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով, ինչը կարեւոր է իր հիմնական խնդիրների՝ գների ու ֆինանսական կայունության արդյունավետ իրականացման համար: Այս ուղղությամբ ցանկացած ռիսկերի դրսեւորման դեպքում ԿԲ-ը տիրապետում է անհրաժեշտ գործիքակազմի եւ ըստ անհրաժեշտության կարձագանքի:

Արտարժույթի շուկայի այս տատանումները ինչպե՞ս կարող են ազդել Կենտրոնական բանկի գնաճի կանխատեսումների վրա:

Բնականաբար, արժութային փոխարժեքի զարգացումները անմիջականորեն անդրադառնում են ներմուծված ապրանքների գնագոյացման վրա: Ընդհանուր գնաճի վրա ազդեցությունները կարող են ավելի մեղմ կամ ուժեղ լինել՝ կախված հասարակության եւ ֆիրմաների գնաճային սպասումներից: Փոխարժեքի հատկապես կարճաժամկետ տատանողականության դեպքերում նման ռիսկերը սովորաբար թույլ են գնահատվում: Այնուամենայնիվ, ԿԲ-ը հետեւողական է ՀՀ-ում գների կայունության նպատակի ապահովման հարցում եւ գնաճի ու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկի դրսեւորման դեպքում համարժեքորեն կարձագանքի: Դիտարկվող զարգացումների ֆոնին, կարճաժամկետ հատվածում կարող են դրսեւորվել մի շարք ինչպես գնաճային, այնպես էլ գնանկումային (պահանջարկի նվազում, ներմուծման հարաբերական էժանացում) գործոններ, որոնց համադրության վերլուծության արդյունքում ՀՀ ԿԲ-ը մարտի 15-ի Խորհրդի նիստին հաջորդող մամուլի ասուլիսին կներկայացնի գնաճի նոր կանխատեսումները եւ ԿԲ-ի՝ տոկոսադրույքի համապատասխան որոշումը: Վերջիններիս հիմքում ընկած առավել մանրամասն վերլուծությունները եւ կանխատեսումները կհրապարակվեն մարտի 28-ին Դրամավարկային քաղաքականության հերթական ծրագրում:

Այս պահի դրությամբ հայաստանյան ո՞ր բանկերն են, որոնց միջոցով հնարավոր չէ դոլարով կամ եվրոյով փոխանցումներ անել կամ ստանալ:

Պատժամիջոցներով պայմանավորված, որոշակի սահմանափակումներ ունի ՎՏԲ-Հայաստան բանկը, ինչի մասին բանկը տարածել է հայտարարություն: Առավել մանրամասների համար անհրաժեշտ է դիմել բանկին: