Այո, հետևողական եղել ենք և բացահայտել ենք դեպքեր, երբ դպրոցի տնօրենները դպրոցի զարգացման ծրագիրն իրենք չեն գրել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք բացահայտվել են այն դպրեցի տնօրենները, ովքեր տնօրինել են «արտագրված» ծրագրերով:
«Այժմ մեր գործիքակազմն ավելի բարելավված է, հիմա մենք քննարկում ենք արհեստական բանականության միջոցով ավելի էֆեկտիվ ստուգել զարգացման ծրագրերը: Առաջիկա ամիսներին փորձարկելու ենք այդ գործիքը ներդնել»,- նշել է նա:
Անդրադառնալով վերոնշյալ տնօրեններին՝ Անդրեասյանը նշեց, որ հարցարույցի ժամանակ միևնույն է՝ կենդանի շփման մեջ հասկանում են, արդյո՞ք տվյալ անձն է տեքստի հեղինակը, թե ոչ. «Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հարցազրույցի ժամանակ նկատել ենք, որ այդ մարդը տվյալ տեքստի հեղինակը չէ և տվել ենք բացասական եզրակացություն»:
Հարցին, թե արդյոք գնված ծրագրերով պաշտոնավարած տնօրենները շարունակում են պաշտոնավարել, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ այդ մարդկանց հետ կապված իրենց կողմից ձեռնարկվելիք աշխատանքն արված է:
«Որ որևէ մեկը գնված ծրագրով պաշտոնավարի և դրա հանդեպ քայլ չիրականացվի՝ այդպիսի դեպք չեմ կարող ասել: Ես կարծում եմ, որ մեր տնօրենները ճիշտ կլինի կենտրոնանան իրենց աշխատանքի վրա, աշխատանքով է որոշվելու դրա շարունակությունը»,- եզրափակել է նա:



