Դոգի միֆը փլուզվեց․ բանտից քաղաքականություն չ...

Հասարակության մի միամիտ հատված կա, որը կարծում է, թե հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող և բանտարկված Վարդան Ղուկասյան (Դոգ)-ը կարող է իր համար քաղաքական հենարան լինել։ Մի կողմ թողնենք այն փաստը, որ Դոգը 2023 թվականին գործարքի գնաց ՔՊ-ի հետ և նպաստեց Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալուն։ Դիտարկենք երկու հանգամանք, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս, որ նա քաղաքական առումով զրո ազդեցություն ունի այն ամենի վրա, ինչ իր անվան ներքո իրականացվում է։

Առաջին հանգամանքն այն է, որ Դոգը չգիտի՝ երբ է հայտնվելու ազատության մեջ և ԱՄՆ իրավապահները որ երկրին են արտահանձնելու իրեն, ինչպես նաև՝ ընդունող երկիրը ինչպիսի վերահսկողություն է սահմանելու նրա գործունեության նկատմամբ։ Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 9-ին նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել էր, թե Դոգը դեկտեմբերին դուրս է գալու Հենդերսոնի բանտից։ Այժմ արդեն 2026 թվականի փետրվարն է, սակայն Դոգը շարունակում է մնալ բանտում։ Սա նշանակում է, որ Դոգը ոչ միայն չի վերահսկում իր քաղաքական նախագծերը, այլ նույնիսկ չի վերահսկում սեփական ճակատագիրը։ Իսկ այն մարդը, որը ամբողջությամբ կախված է օտար պետությունների որոշումներից և իրավապահ համակարգերից, չի կարող Հայաստանում լինել որևէ մեկի քաղաքական հենարան։ Այս ամբողջ ընթացքում Դոգը միայն հասցրել է թիրախավորել այն ընդդիմադիր ուժերին, որոնք իրական պայքար են մղում Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։

Երկրորդ հանգամանքն այն է, որ Դոգը չի կարողանում վերահսկել այն քաղաքական միավորները, որոնք ստեղծվել են իր անվան ներքո։ Սկզբում դա «Հանրային ձայն» կուսակցությունն էր, որը ՔՊ-ի հետ Դոգի քավորությամբ գործարք կնքելուց հետո դուրս եկավ նրա վերահսկողությունից։ Վերջերս էլ հայտնի դարձավ, որ արդեն երկրորդ կուսակցությունն է հեռացել այդ շրջանակից․ ըստ էության, ԴՕԿ կուսակցություն ղեկավար Անի Խուդավերդյանը խզել է իր կապերը Վարդան Ղուկասյանի հետ։ Սա փաստում է, որ Դոգի շուրջ ձևավորվող ցանկացած քաղաքական կառույց վաղ թե ուշ դառնում է կամ ինքնուրույն խաղացող, կամ՝ գործիք օրվա իշխանության ձեռքում։ Երկու դեպքում էլ Դոգի «քաղաքական առաջնորդի» կերպարը փլուզվում է՝ թողնելով միայն աղմուկի և հայհոյանքի դատարկ պատմուճանը։

Այս ամենը լիովին բավարար է, որպեսզի հասարակության այն միամիտ հատվածը, որը շարունակում է հավատալ Դոգին, վերջապես հասկանա՝ նա քաղաքական զրո գործոն է։ Դոգը քաղաքական գործընթացում դերակատար չէ, այլ ֆոնային աղմուկ ստեղծող գործիք։ Նրա հայհոյախառը եթերները կարող են ապահովել ուշադրություն և անգամ որոշակի ձայներ, սակայն այդ ձայները երբեք չեն ծառայել համակարգը փոխելուն։ Դրանք մշտապես ուղղվել են համակարգի պահպանմանը՝ անկախ նրանից, թե ով է տվյալ պահին զբաղեցնում իշխանության աթոռը։ Սա արդեն ոչ թե ենթադրություն է, այլ փաստ, որը հերքել հնարավոր չէ։