Դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ ա...

Դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ այս գործը պիտի շատ արագ ավարտվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով իր գործով դատական նիստին։

«Արդեն բոլոր ողջամիտ ժամկետները խախտվել են։ Հարգարժան դատարանը հայտարարում է, որ իր  վարքագծում ոչինչ չի փոխվել, ձեզ ուղղակի պաշտոնապես ասում եմ՝ 4,5 տարում բոլոր այն օրերը, որ եղել է ՍԴ-ում դատական նիստ, նիստ չի նշանակվել, հիմա այսօր էլ որոշեց, որ ես 11-ին եմ, 9-ին պիտի նիստ լինի, չգիտեմ՝ որքան կընթանա, որ ես հասցնեմ 11-ին լինեմ այնտեղ»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ այն հանրային ընկալումները, որոնք կան, ինքը դրանցից բավարարված է․ «Կան մի քանի իրավական խնդիրներ, որոնք այնուամենայնիվ ես բարձրացնելու եմ, և ակնկալու եմ, որ իմ իրավական պարզաբանումները տեղ գտնեն կամ առնվազն հաշվի առնվեն վերջնական դատական ակտով»։

Նշենք, որ այսօր դատարանում Թովմասյանը հանդես եկավ պաշտպանական ճառով։ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: