Չփորձե՛ք խոչընդոտել Շվեյցարիայի որոշմանը՝ կապ...

Պարոն Ալեքսանյան, երեսից որ խոսացիք, մի հատ հարց տամ էլի, ի՞նչ երեսով եք այստեղ եկել, Դուք ձեր նախընտրական ծրագիրը կարդացե՞լ եք, հիշու՞մ եք.  ձեր կառավարության ծրագիրը կարդացե՞լ եք, հիշու՞մ եք, թե երես ունենալու նուրբ հմտությունը 180 աստիճանով փոխել է մոտեցումները, իսկ չակերտավոր այդ համաձայնագրի մասին դեռ առիթ կունենանք երկար խոսել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ի պատասխան ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ելույթի։

Նրանից առաջ ՔՊ-ական Ալեքսանյանն իր ելույթում նշել էր. «Հարգելի ընդդիմություն, դուք ի՞նչ եք անում այստեղ։ Ժողովուրդ ջան, օգոստոսի 8-ից հետո առհասարակ ի՞նչ եք անում այստեղ, այստեղ կամերաներ կան, նկարում են, կարող են ձեզ հարցեր տալ, ի՞նչ երեսով եք այստեղ առհասարակ»։

Արթուր Խաչատրյանը, մասնավորապես, նշեց. «Սիրելի հայրենակիցներ, 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայում Համադաշնության խորհրդարանի ստորին պալատը Ազգային խորհուրդն ընդունել Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում, հայերի վերադարձի հնարավորության ապահովում, թիվ 24.42.59 բանաձևը։

Նույնանուն բանաձևը այս տարվա մարտի 18-ին ընդունեց նաև խորհրդարանի վերին պալատը։ Ընդունված բանաձևով Շվեյցարական խորհրդարանը հանձնարարում էր Շվեյցարիայի կառավարությանը հիմնել առանձնացված հարթակ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։

Երկխոսության նպատակը պետք է լինի հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձը Լեռնային Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղ միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ։

Մայիսի 19-ին Շվեյցարիայի խորհրդարանում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի խաղաղության նախաձեռնություն բազմակուսակցական կոմիտեն, որի նպատակն է աջակցել Շվեյցարիայի կառավարությանը։ Նշեմ, որ այլ երկրի խորհրդարանականները իրենց աջակցությունը են հայտնել այս նախաձեռնությանը, մասնավորապես Միացյալ թագավորության խորհրդարանի կրոնի կամ հավատի միջազգային ազատության բազմակուսակցական խմբի 110 անդամներ հունիսին իրենց աջակցությունն են հայտնել, և նաև պատեհ առիթը հիշեցնելու Եվրոպական խորհրդարանի երկու բանաձևերը, որով ճանաչում է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը։

«Հայաստան» խմբակցության անունից ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի խորհրդարանականներին այս նախաձեռնության համար, և նույն ժամանակ կոչ եմ անում Շվեյցարիայի համադաշության կառավարությանը հնարավորինս արագ ձեռնամուխ լինել խորհրդարանի որոշման իրականացմանը։

Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին չփորձել խոչընդոտել այս նախաձեռնությանը։ Եթե դուք չեք կարող կամ չեք ուզում օգնել, մի խանգարեք, որևէ մեկը իրավունք չունի զրկել Արցախի Հանրապետության ժողովրդին իր ճակատագիրը տնօրինելու իրավունքից, ոչ դուք, ոչ էլ Ադրբեջանն ու Թուրքիան»,– ընդգծեց նա։