Չինաստանը եւ Կորեայի Հանրապետությունը պետք է...

Չինաստանը եւ Կորեայի Հանրապետությունը պետք է համատեղ ամրապնդեն ռազմավարական վստահությունը, պաշտպանեն ազատ առեւտուրը եւ ապահովեն համաշխարհային մատակարարման շղթաների անխափան գործունեությունը, երեքշաբթի Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի հետ հեռախոսազրույցում հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Անհրաժեշտ է ամրապնդել փոխանակումները բոլոր մակարդակներում եւ բոլոր ոլորտներում, խորացնել ռազմավարական վստահությունը, սերտորեն համակարգել երկկողմ համագործակցությունը եւ բազմակողմ փոխազդեցությունը, համատեղ պաշտպանել բազմակողմանիությունը եւ ազատ առեւտուրը, ինչպես նաեւ ապահովել գլոբալ եւ տարածաշրջանային արդյունաբերական մատակարարման շղթաների կայունությունն ու սահունությունը»,- ասել է Չինաստանի նախագահը, որի խոսքերրը մեջբերել է «Սինհուան»։ Չինաստանի նախագահը նաեւ ընդգծել է հումանիտար փոխանակումների ամրապնդման, երկու երկրների հիմնարար շահերը հարգելու եւ ռազմավարական գործընկերության հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու կարեւորությունը։ «Չինաստան-Հարավային Կորեա առողջ, կայուն եւ մշտապես խորացող հարաբերությունները համապատասխանում են ժամանակի միտումներին, երկու ժողովուրդների հիմնարար շահերին եւ նպաստում են տարածաշրջանում ու աշխարհում խաղաղությանը, կայունությանը, զարգացմանը եւ բարգավաճմանը»,- ասել է Սի Ծինփինը։