Չինաստանի Գույչժոուի գիտությունների ակադեմիայում անցկացվող «BeiDou» արբանյակային նավիգացիոն համակարգի և անօդաչու թռչող սարքերի կիրառմանը նվիրված միջազգային սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են անօդաչու տեխնոլոգիաների զարգացման հիմնական ուղղությունները, դրանց տեխնիկական առանձնահատկություններն ու արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում կիրառման հնարավորությունները։
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Գույչժոուի գիտությունների ակադեմիայի Առաջադեմ տեխնոլոգիաների և նյութերի ինստիտուտի պրոֆեսոր Ցզյան Չժաննենգը ներկայացրել է անօդաչու թռչող սարքերի դասակարգումը՝ ըստ կառուցվածքի, կիրառման ոլորտի, շարժիչի տեսակի և թռիչքային հնարավորությունների։
Նրա խոսքով՝ ամենատարածվածներից են բազմապտուտակավոր, ֆիքսված թևով և հիբրիդային անօդաչու թռչող սարքերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու կիրառման ոլորտը։
«Բազմապտուտակավոր սարքերը կարող են ուղղահայաց օդ բարձրանալ, վայրէջք կատարել և սավառնել մեկ կետում, ինչի շնորհիվ լայնորեն կիրառվում են դիտարկումների, վերահսկողության և տեսանկարահանման համար։ Ֆիքսված թևով մոդելներն ապահովում են ավելի մեծ արագություն և երկարատև թռիչք, ինչը դրանք հարմար է դարձնում մեծ տարածքների քարտեզագրման և մոնիթորինգի համար, իսկ հիբրիդային համակարգերը համատեղում են այս երկու տեխնոլոգիաների առավելությունները»,-նշել է պրոֆեսորը։
Դասընթացի ընթացքում ներկայացվել է նաև տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի տեխնիկական համեմատությունը՝ ըստ թռիչքի արագության, հեռահարության, գործառնական բարձրության, օդում սավառնելու հնարավորության, ինչպես նաև շահագործման արդյունավետության։ Ներկայացված տվյալների համաձայն՝ ֆիքսված թևով սարքերն առանձնանում են ամենաերկար թռիչքի հեռավորությամբ, մինչդեռ բազմապտուտակավոր մոդելներն առավել արդյունավետ են ճշգրիտ դիտարկումների և տեղային գործողությունների ժամանակ։
Բանախոսը նշել է, որ անօդաչու թռչող սարքի կատարյալ կառուցվածք գոյություն չունի, և յուրաքանչյուր մոդել նախագծվում է՝ հաշվի առնելով արագության, թռիչքի տևողության, բեռնատարողության, ճկունության և տնտեսական արդյունավետության միջև հավասարակշռությունը։ Պրոֆեսոր Ցզյան Չժաննենգն ընդգծել է նաև, որ ոլորտի զարգացման հիմնական ուղղություններից են էլեկտրական և հիբրիդային շարժիչների կատարելագործումը, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ավելի երկարատև և արդյունավետ թռիչքներ։
Դասախոսության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անձնական օգտագործման և արդյունաբերական նշանակության անօդաչու թռչող սարքերի տարբերություններին։ Եթե անձնական օգտագործման համար նախատեսված մոդելները հիմնականում կիրառվում են լուսանկարահանման և ժամանցի նպատակներով, ապա արդյունաբերական սարքերն օգտագործվում են գյուղատնտեսության, գեոդեզիայի, էներգետիկ ենթակառուցվածքների վերահսկման, որոնողափրկարարական աշխատանքների և այլ մասնագիտական ոլորտներում։ Դրանք կարող են կրել նաև հատուկ սարքավորումներ, այդ թվում՝ LiDAR սենսորներ և բազմասպեկտրային տեսախցիկներ։
Ներկայացման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև թռիչքի կառավարման համակարգին, որը համարվում է անօդաչու թռչող սարքի «ուղեղը»։
«Այն սենսորների և արբանյակային նավիգացիայի միջոցով մշակում է թռիչքի տվյալները, որոշում օպտիմալ երթուղին և կառավարում սարքի շարժիչների աշխատանքը՝ ապահովելով անվտանգ թռիչք»,-նշել է պրոֆեսոր Ցզյան Չժաննենգը:
Բանախոսը խոսել է նաև անօդաչու թռչող սարքերի շահագործման հիմնական ռիսկերի մասին՝ ընդգծելով տեխնիկական ստուգումների, օպերատորների պատրաստվածության, կիբեռանվտանգության և եղանակային պայմանների մշտական գնահատման կարևորությունը։ Նա նշել է, որ անվտանգ շահագործման նպատակով միջազգային չափորոշիչներ են սահմանել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO), ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA), Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) և Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (CAAC)։
Հիշեցնենք, որ Չինաստանի Գյույան քաղաքում՝ Գույչժոուի Գիտությունների ակադեմիայում մեկնարկել է BeiDou արբանյակային համակարգի և անօդաչու թռչող սարքերի կիրառմանը նվիրված միջազգային սեմինարը, որին մասնակցում են ներկայացուցիչներ տարբեր երկրներից՝ այդ թվում Հայաստանից։ Միջազգային սեմիներին մասնակցելու համար Հայաստանից Չինաստան են ժամանել պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև NEWS.am-ի թղթակիցները։
Մերի Հակոբյան
Վազգեն Եթումյան



