Չինաստանի արտաքին գործերի նախարարը զգուշացրել...

 Մերձավոր Արեւելքի երկրները պետք է զերծ մնան հատուցման գործողություններից տարածաշրջանային հակամարտության սրման ֆոնին, քանի որ դա կհանգեցնի անվերջ հակասությունների արատավոր շրջանի։ Ինչպես հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, անհրաժեշտ է հասնել համապարփակ հրադադարի Գազայի հատվածում։

«Վրեժը վրեժ է ծնում եւ տանում դեպի արատավոր շրջան։ Բռնությանը բռնությամբ պատասխանելը կհանգեցնի հակասությունների սրման»,- իր կայքում Վան Իին մեջբերել է Չինաստանի ԱԳՆ-ն։ Վան Ին հեռախոսազրույց է ունեցել եգիպտացի գործընկերոջ՝ Բադր Աբդել Աթայի հետ։

Չինաստանի արտգործնախարարը ընդգծել է, որ միջազգային հանրությունը չպետք է հետեւի երկակի չափորոշիչներին Գազայի հակամարտության հարցում։ «Չինաստանի դիրքորոշումը պաղեստինյան հարցում հետեւողական է եւ պարզ,- ավելացրել է նա։- Պեկինը առաջադրել է եռաքայլ նախաձեռնություն՝ համապարփակ հրադադար, աջակցություն Գազայում հետպատերազմական կառավարմանը՝ «պաղեստինցիներն են կառավարում պաղեստինցիներին» սկզբունքով եւ «երկու պետություն երկու ժողովուրդների համար» պլանի արդյունավետ իրականացում։

Վան Ին նշել է, որ Չինաստանը «կշարունակի լինել միջազգային արդարության կողմում, կամրացնի համերաշխությունն արաբական պետությունների հետ, կփոխգործակցի բոլոր կողմերի հետ, որպեսզի կանխի թեժացումն ու թույլ չտա իրավիճակի հետագա վատթարացում Մերձավոր Արեւելքում։