Վեհափառ Հայրապետի հանձնակատար Գրիգոր աբեղա Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջին շրջանում ականատես ենք լինում վրդովեցուցիչ երևույթների, երբ առանձին անհատներ, թաքնվելով «հավատացյալի» դիմակի տակ, թույլ են տալիս անմարդկային արարքներ՝ խաթարելով եկեղեցիների աղոթական մթնոլորտը և հոգևոր խաղաղությունը, մինչև անգամ հարվածներ հասցնելով եկեղեցու դռներին։ Որևէ գործողություն, որն ուղեկցվում է ագրեսիայով և ուժի կիրառմամբ, ուղղակի դուրս է քրիստոնեական էթիկայի սահմաններից և հակասում է Ավետարանական պատգամներին։ Ով հարվածում է տաճարի դռանը, նա կատարում է սրբապղծություն՝ անկախ իր բերած «արդարացումներից և պատճառաբանություններից»։
Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ ամենամեծ վնասը սրբություններին հասցրել են նրանք, ովքեր շուրթերով փառաբանել են Աստծուն, բայց գործերով եղել են «գայլեր՝ գառան մորթու տակ»։ Ինչպե՞ս կարող է հայը, ով իրեն հավատացյալ է համարում, ձեռք բարձրացնել այն սուրբ դռան վրա, որի առջև դարեր շարունակ իր պապերն արցունքով խաղաղություն են աղերսել։ Այն, ինչ մենք տեսնում ենք, մոլորություն չէ, այլ հոգևոր սնանկության ու սրբապղծության դրսևորում է․ կրոնական դիմակի տակ թաքնված հոգևոր սատանիզմ, որը ներկայացվում է բարեպաշտության քողի ներքո։
Այս դռան առջև դարեր շարունակ խոնարհվել են թագավորներն ու իմաստունները, սրբերն ու նահատակները, այն համբուրել են Եղեռնից բազմաթիվ մազապուրծ եղած որբեր, հայրենիքի պաշտպանության համար մարտի նետվող զինվորներ և պատերազմում իրենց զավակներին կորցրած, հուսահատության եզրին գտնվող որդեկորույս մայրեր։ Այդ դուռը սուրբ մասունք է, իսկ նրանք այն թիրախ են դարձնում իրենց բարկության համար։
Այն, ինչ մենք տեսնում ենք, հավատք չէ. դա վայրագություն է՝ քողարկված կրոնական շղարշով։ Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, իսկ մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը։ Եվ թող ամեն անգամ մոմ վառելիս և խաչակնքվելիս հիշեն, որ այդ նույն ձեռքով են հարվածել Մայր Տաճարի դռանը։
Նրանք, որ այսօր անձնական շահից կուրացած հարվածում են այդ դռներին, գիտակցո՞ւմ են, թե ինչպիսի անեծք ու հոգևոր բեռ են կուտակում իրենց և իրենց զավակների գլխին։ Եթե իրենց խլացած խիղճն այլևս չի սարսափում սեփական հոգու կորստից, եթե իրենց համար մեկ է, թե ինչպես կկանգնեն Արարչի առջև իրենց այս սրբապիղծ հարվածներից հետո, ապա գոնե կանգ առնեն ու մտածեն իրենց երեխաների մասին։
Մի՞թե չեն հասկանում, որ Մայր Աթոռի դռան վրա իրենց բարձրացրած յուրաքանչյուր բռունցք՝ ծանր քար է դառնում հենց իրենց զավակների ապագա ճանապարհին։ Իրենք այսօր փորձում են կոտրել այն դուռը, որի շեմին վաղը իրենց զավակները գուցե փրկություն ու սփոփանք պիտի փնտրեին իրենց կյանքի ամենածանր պահին։ Ի՞նչ են թողնում նրանց որպես ժառանգություն՝ տաճարի դեմ ըմբոստացողի խարա՞նը, թե՞ սրբապիղծի անեծքը։ «Հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց՝ նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին» (Ելք 20:5):
Հետևաբար հայրերի գործած սրբապղծությունը հաճախ սերունդների ուսերին է ծանրանում այնպիսի սոսկալի բեռի նման, որը հետագայում միայն ցավ ու տրտմություն է պատճառում։ Սրբապղծությունը մի թույն է, որը սողում է դարերի միջով և չորացնում տոհմի արմատները։
Խնայե՛ք ձեր զավակներին։ Մի՛ փակեք նրանց առջև օրհնության դռները ձեր այսօրվա վայրագության և եսակենտրոն շահի պատճառով։ Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը։ Զղջացե՛ք և խոնարհվե՛ք այն դռան առջև, որին հարվածել եք, քանզի այդ դուռը ձեր փրկության միակ ճանապարհն է, որին դուք այդքան անխնա հարվածեցիք։



