
Բնակավայրերից մեկում վթարային անջատման դեպքով աշխատանքից ազատվել են ՀԷՑ ընկերության մի խումբ պատասխանատու աշխատակիցներ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նա տեղեկացրել է, որ մարզային բնակավայրերից մեկը նախօրեին վթարային անջատման հետևանքով շուրջ 6 ժամ հոսանքազրկված է եղել։
«Վթարի փաստի վերաբերյալ ՀԷՑ համապատասխան մասնաճյուղի կարգավարական ծառայության հերթապահ կարգավարը (диспетчер) պատշաճ գրանցում չի կատարել գրանցամատյանում (անսալով մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի ակնհայտ ապօրինի ցուցումին) եւ սահմանված կարգով անմիջապես չի զեկուցել ՀԷՑ Կենտրոնական կարգավարական ծառայությանը։
Վթարի փաստը միայն ժամեր անց է հայտնի դարձել ՀԷՑ բարձր ղեկավարությանն ու Կենտրոնական կարգավարական ծառայությանը՝ ինչի արդյունքում լրացուցիչ հսկողություն է սահմանվել վերականգնողական աշխատանքների նկատմամբ եւ երկու ժամ անց արդեն էլեկտրամատակարարումը վերականգնվել է»,- գրել է նա։
Պետրոսյանի խոսքով՝ ՀԷՑ-ում կատարված ուսումնասիրության և ներքին վերլուծության արդյունքում աշխատանքից ազատվել են մասնաճյուղի տնօրենի տեղակալը՝ գլխավոր ճարտարագետը, օպերատիվ կարգավարական ծառայության պետը, տվյալ ծառայության ավագ կարգավարը (հերթապահը), մասնաճյուղի էլեկտրական ցանցերից մեկի պետը, այդ ցանցի պետի տեղակալը՝ գլխավոր ճարտարագետը։
Ռոմանոս Պետրոսյանը հորդորել է ընկերության բոլոր աշխատակիցներին գործել բացառապես իրենց լիազորությունների շրջանակում, չկատարել ակնհայտ ապօրինի ցուցումներ և նման դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել ՀԷՑ անվտանգության և վերահսկողության տնօրինությանը կամ իրեն անձամբ։
«Կրկին շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի հազարավոր բարեխիղճ և ազնիվ աշխատակիցներին»,– գրել է Պետրոսյանը։