Բնակարանում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ ներսում վատառողջ քաղաքացի կա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին, մարվել՝ 11։38-ին։ Այրվել է ննջասենյակը՝ գույքով (մոտ 20 քմ) և ջերմահարվել են նախասրահի պատերը (մոտ 4 քմ)։

Փրկարարները ծխահարված քաղաքացուն դուրս են բերել բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել 1939 թվականին ծնված կնոջ մահը։

Հանգամանքները պարզվում են։