Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Արտակ Հ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և մոտ 10 մետր առաջ ընթանալով գլխիվայր հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վերջինները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: