Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ Մերձավոր Արեւելքում բոլոր կողմերը պետք է լարվածության թուլացման քայլեր ձեռնարկեն։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի հետ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ։
«Մենք գրեթե շուրջօրյա ինտենսիվ դիվանագիտական փոխգործակցություն ենք ծավալում, որպեսզի պարզ ազդանշան հաղորդենք. բոլոր կողմերը պետք է զերծ մնան թեժացումից։ Բոլոր կողմերը պետք է լարվածության թուլացման քայլեր ձեռնարկեն,- ասել է նա։ Թեժացումը չի համապատասխանում ոչ մեկի շահերին։ Այն կհանգեցնի միայն նոր հակամարտությունների, բռնության, անվտանգության բացակայության»։
«Չափազանց կարեւոր է, որպեսզի մենք խզենք այդ շրջանը՝ հասնելով հրադադարի Գազայում։ Դա իր հերթին հնարավորություն կտա ավելի մեծ կայունություն հաստատել ոչ միայն Գազայում, այլեւ այլ տարածաշրջաններում, որտեղ կարող է տարածվել հակամարտությունը,- ավելացրել է Բլինքենը։- Դրան առանձնակի ուշադրություն են հատկացնում ԱՄՆ-ը եւ տարածաշրջանի ու նրա սահմաններից դուրս գտնվող շատ այլ երկրներ»։
Խոսելով Գազայի հատվածում հնարավոր հրադադարի մասին՝ Բլինքենը ավելացրել է, որ «բոլոր կողմերը պետք է գտնեն համաձայնության հասնելու ուղիներ»։ Նա ընդգծել է, որ «կարեւոր է, որպեսզի բոլոր կողմերը ճիշտ ընտրություն կատարեն»։